Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գորիս անուններով, գյուղական Շենը կոչվել է գյուղական արտասանությամբ, ինչպես ակունքն է ասում՝ կյորեսերեն կամ Կյորեսի լեզվով («Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն»), իսկ քաղաքը նույն անվան գրական տարբերակով։ Այստեղից Բակունցը սկսել է գործածել նաև կյորեսեցի, որ նշանակում է Շենի գյուղացի և գորիսեցի, որ նշանակում է քաղաքի բնակիչ։

Եվ այդպես, իրականում լինելով Գորիսի բնակիչ, Բակունցը ջերմ ձոն է գրել Կյորեսին ու կյորեսցիներին ուղղված, մինչդեռ Գորիսը երգիծված է հաճախ խայթածաղրով ու արհամարհանքով։

«Կյորես» երկը կառուցված է Բակունցի գրելակերպի դրսևորումներից մեկը հանդիսացող հակադրության եղանակով։ Միմյանց, որպես ընդհանրացած կերպարներ հակադրված են, ինչպես ասվեց, նահապետական Կյորեսը և նոր քաղքենիական Գորիսը, այսինքն՝ դարավոր ավանդական հայոց գյուղը (հայոց Մթնաձորը) և նոր առևտրաշատ, զարգացող քաղաքը։

Ամենից առաջ դա բարոյական հակադրություն է. Կյորեսը ներկայացված է որպես աշխատավորական միջնաբերդ, երբեմն դյուցազնական գծերով ու դյուցազուններով, որպես արդարության ու արդարների խորհրդանիշ, որպես ոչ նյութապաշտ, հաճախ անշահ, ռոմանտիկ մարդկանց բնակավայր, նաև որպես ազգային ավանդների, հատկապես ազգային լեզվի պահապան։ Գորիսը բնութագրվում է որպես նյութապաշտության, շահամոլության կենտրոն, «հոգևոր շահ չունեցող» բեյերի, դատարկախոս «պրոգրեսիստների», խաբեբա ու դրամաշորթ վաճառականների, մինչև ուղն ու ծուծը քաղքենի Օլինկաների ու Լյուդմիլլա Լվովնաների բնակավայր, այնպիսի մարդկանց քաղաք, որոնց բարոյական դիմագիծը կորել է ու դրա հետ նաև ազգային դիմագիծը, այդ նրանք են, որոնք հայերենը համարում են գյուղացու լեզու և աշխատում են չխոսել նրանով ու իրար հայերեն չկոչել, այլ՝ Տիկրան Պետոյիչ կամ Սարրա Կասպարովնա, նրանց երեխաներն էին, որ չէին հաճախում հայկական «խեղճ» ուսումնարան, այլ՝ գնում էին թագավորական ռուսաց շկոլ կամ գիմնազիա։

Ընդհանրապես, Բակունցը ազգային արժեքները գնահատելիս միշտ ելնում էր բարոյական հիմունքից, իր ստեղծագործության մեջ նա մերժում է անբարոյականը, որի մի արտահայտությունն է համարում հայերի ինքնապազգայնացումը ու առհասարակ ամեն ժողովրդի ինքնապազգայնացում։ «Կյորեսում» որպես խարդախանալու, քաղքենիանալու, նյութապաշտ դառնալու մի դրսևորումն է ներկայացված ապազգայնացումը։

Ուշագրավ է, որ 1910—ական թվականների իրական Գորիսում այն աստիճանի քաղքենիություն և ապազգայնացում չի եղել, ինչպես նկարագրված է «Կյորեսում»։ Պարզ է, հեղինակը իր մտահղացումը մարմնավորելու համար առհասարակ հայոց որոշ մասի մեջ եղած քաղքենիանալու և ինքնապազգայնացման հակումը կենտրոնացրել է իր երկի «բացասական կերպարի»՝ Գորիս քաղաքի մեջ, նրան հակադրելով դրական կերպարը՝ զուտ հայկական Կյորեսը։

Ի դեպ, 1960—ական թվականներին, երբ մենք հանդիպումներ ունեցանք մի շարք տարեց գորիսեցիների հետ, նրանք երբեմն գանգատվում էին, որ Բակունցը տեղ—տեղ սխալ բաներ է գրել իրենց քաղաքի և նրա բնակիչների մասին։ Անշուշտ, հաշվի չէին առնում, որ «Կյորեսը» թեև իրականից նկարված շրջապատկեր է, բայց և իսկական գեղարվեստական ստեղծագործություն է, և որ գրող—արվեստագետը Գորիս և Կյորես