Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ժպիտն ունեցավ և Կոլումբոսը՝ նոր ցամաքի վրա առաջին անգամ ոտք դնելիս։

Եվ ոչ ոք չնկատեց, թե ինչպե՛ս նա դարձավ Արարատի կողմը և, հասկանո՞ւմ եք, ձեռքով սալամ ուղարկեց հեռու սարին։ Սակայն նրա ողջույնը միայն ձեռքի շարժումով չվերջացավ։ Եթե մոտիկ կանգնած մարդ լիներ, նա կլսեր, թե ինչպես Մարչն ասաց. «Օ՜, Արմենիա, երկիր դրախտավայր»... Ասաց ու քրտինքի մի կաթիլ գլորվեց այս երկրի արևից խանձված հողին։

1O Ծովի մի ալիք, նույնիսկ այն ժամանակ, երբ հանդարտ է ծովը, հանկարծ ափ է նետում հեռու երկրից ծովն ընկած պտուղի մի կճեպ, այդ ափին կճեպը մնում է այնքան, մինչև մի ուրիշ ալիք է ելնում, ափը լիզում և կճեպը բաշին առած հետ տանում ուրիշ եզր շպրտելու, իսկ ծովը մնում է հանդարտ, անտարբեր։

Արևն էլ հանդարտ մնաց իր հրե քայլքի մեջ, երբ գնացքն ուրիշ աշխարհից հուլիսյան մի շոգ օր ցամաք նետեց Հովնաթան Մարչին։ Սակայն կառապանները նորեկի հանդեպ չունեցան նույն անտարբերությունը։ Նրանցից մի քանիսն աղմուկով 20 իրար անցան, և մինչդեռ Հովնաթան Մարչը լսում էր նրանց մայրենի բարբառը և զմայլվում, ամենից հանդուգնը նախ նրա իրերը դարսեց կառքում, ապա Հովնաթան Մարչին էլ նստեցրեց և մտրակեց ձիերին։

Ճանապարհին, փոշու ամպի մեջ, մեկը հիացմունքով էր նայում շրջապատին և ծաղկանկար թաշկինակով բերանը ծածկած, շնչում հայրենի երկրի բույրը, որ տվյալ դեպքում կառապանի քրտնած մեջքից էր ելնում, ճամփի ճահճուտից, աղբակույտից, իսկ մյուսն իր մտքում հաշվում էր՝ կրկնակի ուզի թե՞ եռակի, Ամերիկայից եկած հարուստ պաասաժիրից:

30 Թե ինչո՛վ վերջացավ կառապանի հաշիվը, դժվար է ստույգ-ինչ գրել։ Հյուրանոցի դռանը Հովնաթան Մարչն իջավ և երբ պայուսակները գետնին դարսեց, կառապանի բռան մեջ նա այնպիսի մի թղթադրամ դրեց, որ նա ձիերին մտրակեց, բռան մեջ սեղմեց դրամը և հրապարակն արագ անցնելով կորավ կողքի փողոցներում, առանց հետ նայելու։ Քիչ էր մնացել