Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապ ունեցողը այն բարեկամական հավաքույթներն են, որ տեղի են ունենում ամեն կիրակի։

Հավաքվում են մի առանձին սենյակ, խմում են աբսենտ, երգում են երգեր ու կես գիշերին հյուրերից մեկը վեր է կենում, երկյուղածությամբ մոտենում փոքրիկ պահարանին, հանում այնտեղից

- Արաքսի ջուրը և Նոր Եթովպիո հողը...

Հաստատապես պնդողներ կան, որ այդ մեկը ոչ այլ ոք է, եթե ոչ Հովնաթան Մարչը, նույն ինքը Նոր Եթովպիո հիմնադիրը։ Աբսենտից թուլանում է միտքը, պղտորվում են աչքերը, 10 հիշողությունը տարուբեր է լինում և որպես կինոյի կտրված ժապավեն, դեպքերը հաջորդում են իրար, հաճախ անկապ ու անիմաստ։ Թվում է, թե փայլում է հողը, լույս է ելնում և խոսում եթովպական բարբառով։ Մեքենան դառնում է, ժապավենը պտույտ է տալիս, և հիշողության վրա, որպես էկրանի քաթան, անցած տարիները նետում են ցաք ու ցրիվ նկարներ։

Ահա կածանը, որ գնալով բարակեց, անհետացավ տափարակում։

Հյուրերը ցրվում են, մնում է Հովնաթան Մարչը, գլուխը մի կազմի վրա թեքած։ Նայում է փողոցին, լուսավոր փողոցում 20 ոչինչ չի տեսնում՝ ո՛չ տներ, ո՛չ լապտերներ, ո՛չ շքեղ ցուցափեղկեր։ Դիմացի լապտերը խնդում է, լույս է ցոլում ցուցանակի գրերի վրա, և ցուցանակի գրերն աղմկահույզ այդ քաղաքում ասես իրար հարցնում են.

- Կռունկ, ուստի՞ կուգաս...

Ու՞ր մնաց Նոր Եթովպիան, այն տափարակը, որ ուշաթափ ընկած մարդու պես ջրի կարիք ուներ՝ ոտքի կանգնելու։ Ու՞ր մնաց Անթանոսյան Հմայակը։ Ընթերցո՜ղ, եթե առաջին հարցին հեշտ է պատասխանել, երկրորդ հարցի մասին մութ են, շա՜տ մութ են իրար հակասող՝ Հաջի Խարաբ գյուղի բնակիչների 30 պատմածները և քաղաքային հիվանդանոցի հերթապահ քրոջ հիշողությունները։

Քրեական հետախուզման բաժնի ներկայացուցիչն իզուր էր հարցաքննում Հաջի Խարաբ գյուղի բնակիչներին։

- Վարժապետին չորս օր էր չէինք տեսել...

- Հիվանդ էր, տնքում էր, իրան-իրան խոսում...