Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նիստ ու կացը նկարագրելով, հեղինակը մի նախադասություն է ասում Կարմրաքարի կանանց մասին, թե իբր ամոթխած էին, որպես անտառի պախրա։

Թե Երմոլով 2-րդի և թե հոգևոր հոր գրածը հայտնի էր Կարմրաքարի ծխատեր քահանա Տեր Գևորգին, որին գյուղում կոչում էին Տեր Նորընծա։ Քահանան շատ անգամ էր ասել, որ ինքն իր աչքով կարդացել է վանքի խորանում պահած մի գիրք, գրված ոսկե տառերով, ջեյրանի կաշվի վրա, ուր հիմից ավանդվում է աշխարհի երեսին եղած և կորած բոլոր ազգերի պատմությունը, 10 թագավորների գահ բարձրանալը, քաղաքների կործանումը և այլն։ Եվ իբր թե այդ գրքի մեջ գրված է, որ Կարմրաքարը «աթոռանիստ և բերդաքաղաք» վայր է եղել, որ գյուղի այժմյան եկեղեցին կառուցված է մի հին տաճարի ավերակների վրա։ Նա նույնիսկ ասում էր, որ այժմյան եկեղեցու ամբիոնի քարերը շատ հնուց են, վրան փորագրություններ կան, որ ծածկված են բարակ սվաղով։

Տեր Նորընծայի ասելով՝ Կարմրաքարի ներկա բնիկները գաղթել են «Հագարացոց աշխարհից» դեռ այն ժամանակ, երբ լեզգիների թագավորությունն էր այն կողմերում։ Իբր թե լեզգիների 20 երկրում խառնակություն է սկսվում, այնտեղի «խաչապաշտ ազգաբնակությունը» գլուխ է առնում և ցրիվ գալիս չորս կողմի վրա։ Նրանց մի մասը գալիս է մի մեծ և վարար գետի դեմ առնում։ Գետի ափին այնքան են սպասում, մինչև ջուրը բարակի։ Շատ դառն տանջանք քաշելուց և կորուստ տալուց հետո, անցնում են գետը և նրա ափով շարունակում ճանապարհը, հանդիպում զուլալ մի գետակի, որ հանդարտ հոսելով միանում է այն մեծ գետին։ Հենց ջրախառնուտի մոտ խմում են գետի և գետակի ջրից, տեսնում, որ գետակի ջուրը քաղցրահամ է և որոշում գետակի ընթացքը բռնած գնալ մինչև 30 ակունքին հասնելը։ Իսկ հայտնի է, որ Մարցա ջրի ակունքները գտնվում են Կարմրաքարի հանդում։

- Ո՞ր կողմն է էդ հագարացու աշխարհը, տերտեր,— հարցնում էր Ավան ամին, եթե հանդիպում էր տերտերին Կարմրաքարի պատմությունն անելուց։ Եվ որտեղ էլ լիներ՝ կնունքի նստած, թե հարսանքատանը, եկեղեցու գավթում՝ պատի տակ շար ընկած, թե Բոլոր քարի մոտ, որ գյուղի հրապարակն