Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր համարվում, և ուր այժմ էլ հավաքվում են գյուղացիք,- որտեղ էլ լիներ, Տեր Նորընծան աչքերը պիտի խոժոռեր, ունքերն իրար տար և երեսը դարձներ Ավան ամու կողմը:

- Սկսվեց,- մտքում ասում էին մի քանիսը և հետաքրքիր լսում այն, ինչ շատ անգամ էին լսել։

- Ա՜, դե հերիք չի՞,- Ավան ամու վրա տրտնջում էր նրան հասակակից մեկը:

- Չէ՛, թող մի ինձ ասի, էդ ո՞ր կողմն է...

10 - Զաքաթալու թեմումը,- պատասխանում էր տերտերը։

Իսկ Ավան ամին ավելի էր տաքանում։

- Էդ ի՞նչ մարդիկ էին... էն լեն ու բոլ երկիրը թողես, գաս էս ապառաժին դեմ առնե՞ս․․․ Չէ՛, տերտեր, իմ գլուխը չի մտնում, էնտեղից էստեղ մարդ չի գա։ Հենց իմ ասածն է, որ կա։

Իսկ Ավան ամու ասելով՝ Կարմրաքարի տեղը շատ առաջներում անանց անտառ է եղել և անտառի միջով, գետի ափով միայն մի նեղ արահետ։ Ո՛չ բերդ է եղել, ո′չ քաղաք և ոչ էլ տաճար։ Հիմնադիրը մի գնչու է եղել, որն իր կնոջ և էշի հետ 20 անցնելիս է լինում արահետով։ Հանկարծ կնոջ ցավերը բռնում են, գնչուն խոսք է տալիս, որ եթե կինը տղա բերի, ինքը ձեռք է քաշելու թափառական կյանքից և հենց այդտեղ էլ տուն է շինելու։

- Չվանը ետ է տալիս, ծառից կապում... Կնիկն էլ գնում է ծառի շվաքարանում պառկում։ Մինչև էշի փալան վեր ունելը, կնիկը մի տղա է բերում... էն օրից էլ էս գյուղն ստեղծվում է։ Դե հաշիվդ ա՜ռ...

Գյուղացիներից շատերն էին համամիտ Ավան ամու ասածներին։

30 - Խելքը գլխին մարդը չի գա էս քարի ու քոլի մեջ տուն շինի... էն է ոտքերը ջարդված բոշա պետք է լինի, որ էստեղ վեր ընկնի ու մեռնի... Թե չէ Կարմրաքարն ապրելու տեղ չի։

Այս խոսքն ասելուց, զրույցն հին օրերից դառնում էր առօրյայի շուրջը, և ամեն մարդ մի պատճառ էր բերում, թե ինչու Կարմրաքարում ապրելը դառն է։