Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Տարին տասներկու ամիս քարի, քոլի հետ կոխ կենաս, մաճը բռնած է՛ս ցաքուտը վարես, է՛ն քարի տակ սերմ քցես, էլի ձմեռվա կիսին տաշտը ցամաք, պարկը դատարկ։ Ես իմ Աստված, արանի թուրքերը որ չլինեին, մեր օրը սև էր,- ասում էր Ունանը, որը ոչ միայն Կարմրաքարում, այլև շրջակա գյուղերում հայտնի էր որպես լավ մաճկալ։

Ինչքան էլ քարոտ և կոշտ լիներ հողը, ինչքան էլ տափը սարալանջ լիներ, Ունանը և ոչ մի ակոս ծուռ չէր տանի։ Ակոսն ակոսի վրա շարում էր ու գետինը նախշում սև ցելի 10 ուղիղ գծերով։ Պատահում է, որ խոփը դեմ է առնում հողի տակ ծածկված քարի կամ փշի արմատին։ Եզները հանկարծ ձգում են, խոփը թափով քարին է դիպչում, կտրատվում են փոկերը, մաճկալն ընկնում է մաճի վրա և եթե մի տեղը չվնասվի, ատամները թափով իրար պիտի կպչեն, աչքերի առաջ մթնի։ Իսկ Ունանի վարը միշտ առանց փորձանքի էր։ Մաճից կախ ընկած, աչքը խոփի ծայրին, լուռ հետևում էր վարին և ճիշտ ժամանակին զգում, թե քար կա հողի տակ, փորձանքը մոտենում է. իսկույն մաճը վեր էր հանում, կողքի թեքում, եզները քաշում էին և նորից խոփը խրում հողի մեջ։

20 Այդքան աշխատելուց հետո նրա մեկը երկու չէր դառնում։ Ամեն ձմեռ Ունանը պարկերը շալակին գնում էր տափարակի թուրք գյուղերը, ճանանչ մարդկանցից ցորեն կամ գարի փոխ առնելու։ Ամեն տարի այդ նույն պատմությունը կրկնվում էր։ Ունանը խոսք էր տալիս, որ վերջին անգամն է մաճը բռնում, էլ երբեք վար չի անելու։

- Գնամ նոքար մտնեմ, սրանից տասնապատիկ լավ կապրեմ... Չկա՛, չկա՛, Կարմրաքարում ապրուստ չկա,- ասում էր նա, բայց հենց ձյունահալը վերջանում էր թե չէ, խոնավությունն սկսում էր գոլորշիանալ, հողը փափկանում էր, 30 մեղմանում էր, և Ունանը օրը մի քանի անգամ նայում էր սևին տվող գյուղի հանդերին,- ուր դեռ ձյունի կիտուկները մնում էին ձորերում ու փոսերի մեջ,- հողը տրորում էր կոշտ մատներով և մոտենում՝ ամբողջ ձմեռը ձյունի տակ ընկած արորի սարքը նայելու։

- Ասում ես թուրքերը որ չլինեն... էլի նրանք են ձեռք բռնում,- վրա էր բերում մի ուրիշը,- ախր քա՛նի մին, քա՛նի