Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ըստ շնչակրական մատենույս և իմ ասմունք գրի 19 ծուխ արքունի գյուղացի, որպես ալհադդա ցուցակ... Նաև գյուղացվոց վայելման տակ գետնաքամին հարյուրը հիսուն օրավար բարահիր հող... Մեր Ցաքուտը, Երկայն տափերը, Քառասնաջուրը... Մի առ մի գրված և Կովկասու փոխարքայից հաստատված...

- Հիմա էլ հարյուրը տաս խարջ տվող տուն ունենք... էլի էն Ցաքուտն է, էն Քառասնաջուրը... Դե Հիբանի տղորց արտերը բեր բաժին անենք, տես ոնց ենք կառավարվում...

10 - Այ որդի, հողը չի պատճառը... Ազգաբանության մեջ սեր, միաբանություն չկա։ Առաջվա լիությունն էլ չկա. ահա քեզ արմատ չարյաց։ Թե չէ ինչ ես տակից և գլխից խոսում,- մի քիչ չարանալով ասում էր Տեր Նորընծան, ավելի արագ գլորում թազբեհի հատիկները։

- Տես ինչեր են խոսում... Մեր ժամանակն ո՜ւր․․․ Հեզ էինք, որպես գառ,- մտածում էր քահանան և ապա թազբեհի հատիկները մեկ-մեկ իրար վրա դարսելով դանդաղ ավելացնում.

- Հիբանի հողերը բաժանք անես, ամենայն մի շնչի մին 20 օրավար չի հասանի... Դորանով յարան, չի սաղանա, ա՛յ օրհնյալ... Ազգաբանությունը թող հաշտարար ապրի, տես, թե ինչպես առատություն լինի ամենայն մին բանի։

Իսկ երիտասարդն ավելի էր տաքանում։

- Էս քեզ միաբանությո՜ւն, տերտեր, բա որ մինը ձմեռը սխտորած ավելուկ էլ չի ճարում, որ փորը տաքացնի, մինն էլ գառան փլավ է ուտում, վրան էլ նռան ջուր խմում, որ մարսի... Սրան ի՞նչ կասես։

Ավան ամին ժպտում էր, տեղը շարժվում և ավելի հարմար նստում։

30 - Այ թե հա՜... տերտեր,- և ժպիտը դառնում էր թեթև ծիծաղ, կապույտ աչքերը փոքրացնում էր, ավելի արագ թարթում, ասես երիտասարդին աչքով էր անում, որ ավելին ասի։

- Էս էլ քու հագարացու աշխարհը չէ, որ լեզվակոխ անես... Ասի՛, էդ է, արևդ կծեմ... Թե մեր ծուռը դզող լինի, էլի ձեզանից մի հույս կա... Մենք հեչ, զուր ենք հաց ուտում։ Ի՞նչ ես ասում, Անդրի, իմաստուն մարդ ես։