Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կխմեն։ Բա ո՞նց... Երկու սոված կատու, որ քցես պարկի մեջ, անհնարին բան է, մինը մեկէլին պետք է ուտի։ Մենք երկու չենք, հազար չենք, շատացել ենք, էս ձորերն ապականել.․․

- Չէ՛, էսօր գիրդ շաղվել է Անդրի։ Մին նալին ես խփում, մին մեխին, - պատասխանում էր Ավան ամին։ - Ուրեմն ոնց անենք, քոլ ասելով մեր հիմիկվա հազար մինին էլ շարժի՞։ Բա ուսմունքի օգուտն ի՞նչ է, լուսավորությունի։ Ուրեմն քու ասելով էս ջահելները մեզանից վա՞տ օր են ապրելու... Պա հո՜... Վա՜յ ձեզ, վա՜յ ձեր օրին, ա՜յ ջահելներ։

- Անդրի ամի, Հիբանի տղերքն էլ են մեր ոսկորից, չէ՞,- հարցնում էր մեկը։

- Հը՞,- ջաղացպանի դեմքի մկանները կծկվում էին, լսողությունը լարում էր։ Հարցը տվողը կրկնում էր և ավելացնում.

- Դե թող նրանք էլ մեզ պես ապրեն... Շալուն Սիմոնի ոսկո՞րն է հաստ, թե՞ Եփրեմի։

- Այ հա՜յ... Անդրի՛, դե պատասխան տու՛ր։

Շալուն Սիմոնը Կարմրաքարի այն բնիկներից էր, որոնք ընչազուրկ դառնալով, տնից ու հողից զրկվելով, տեղավորվում էին գյուղից մի քիչ ներքև, գետի ափին ընկած հին և կիսավեր մարագներում։ Գյուղի այդ մասում ապրողների ամենից «հարուստը» մի քանի ժանգոտած պղինձ ուներ, կոծկած կարասի և կուժ ու մի քլունգ, որով փորփրում էին անտեր և անբերրի հողերը ու ձեռքով շաղ տալիս կորեկ։

Ջաղացպանը նեղն էր ընկնում և փայտի ծայրով գետնի վրա մի քանի խազ ավելի արագ քաշելուց հետո, չարացած պատասխանում.

- Նրանց էլ պատիժ է ուղարկել, որ միշտ գլխիդ վայ տաս...

Հենց այդ ասեր թե չէ, Ավան ամին զրույցի նյութը փոխելու համար ասում էր ջաղացպանին.

- Քո ի՞նչ բանն է, էս ջահելի հետ գլուխ ես դնում։ Քոնը Ռուստամ Մայիֆի պատմությունն է։ Մի ասա է, շահը ոնց կանչեց նազիր վեզիրներին...

Ավան ամին գիտեր նրա թույլ կողմը։ Ջաղացպանի դեմքը ուրախությունից պայծառանում էր, զրույցն էլ