Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կայանում է այն կեղծ ամուսնությունը, որի մասին մենք վերևն ակնարկեցինք, և Ստելլան առողջանում է։ Վանեսսան տեղեկանալով այդ մասին, հարցնում է Ստելլային։ Վերջինս հաստատում է նրա կասկածը, բայց միաժամանակ սաստիկ վրդովված Սվիֆտի անհաստատ վերաբերմունքից՝ թողնում և հեռանում է Դուբլինից։ Սվիֆտը հանցավոր ճանաչելով Վանեսսային, մտնում է նրա բնակարանը և Վանեսսային հանձնում այն նամակը, որով նա Ստելլային հարցրել էր նրանց ամուսնության մասին։

Այդ հարվածը ծանր է ազդում Վանեսսայի վրա։ Նա մահանում է։ Սվիֆտը հոգեկան անհանգստությունը փորձում է փարատել թափառումների մեջ։ Սակայն անօգուտ։ Նա նորից է հանդիպում Ստելլային, նրանք հաշտվում են, բայց այլևս նրանց հարկի տակ չի լինում հին խաղաղությունը։ Վանեսսան, որպես անողոք հատուցում, ամեն ժամ հիշեցնել էր տալիս իրեն։ Որպես հետևանք այդ ամենին դանդաղ մահանում է և Ստելլան։ 1728 թվին Ջոնաթան Սվիֆտը մեռած Ստելլայի մազերից կտրում է մի փունջ, որպես վերջին հիշատակ, փաթաթում ծրարի մեջ և մակագրում հետևյալ խորհրդավոր բառերը. «Միայն կնոջ մազերը»։ Սվիֆտը պարտավոր էր կատարելու Ստելլայի վերջին խնդիրը՝ հրապարակելու իրենց գաղտնի ամուսնության փաստը։ Բայց այո ծրարի կողքին ընկած էր և ձեռագրի մի օրինակն այն պոեմի, որ գրել էր Սվիֆտը Վանեսսայի համար՝ Cadenus and Vanessa[1]: Աղջիկը այդ պոեմի իսկական օրինակը և Սվիֆտին գրած բոլոր նամակները կտակել էր Բերկլի եպիսկոպոսին հրատարակության հանձնելու համար:

Այսպիսի վախճան ունեցավ այդ ինքնին հետաքրքիր սիրո պատմությունը, որի մասին բազմաթիվ ուսումնասիրություններ կան, սակայն գաղտնիքը մնացել է որպես անլուծելի առեղծված։ Կան բազմաթիվ բացատրություններ, որոնցից ամենահետաքրքիրը պատկանում է Վալտեր Սկոտին[2]: Վերջինիս կարծիքով՝ Եսթեր Ջոնսոնը (Ստելլան) և Ջոնաթան Սվիֆտն ապօրինի զավակներ էին Ուիլյամ Տեմպլի, և այդ գաղտնիքը նրանք խոստովանեցին միայն մի անգամ՝ պսակադրության օրը, Ատս եպիսկոպոսին։

Նրա կյանքի վերջին տարիները ծանր էին։ Արդեն նեղում էր նրան այն հիվանդությունը, որով վաղուց էր տառապում։ Սվիֆտը հաճախ էր գանգատվում գլխի սուր ցավերից, որ թեթևանում էին զբոսանքների ժամանակ։ Երբեմն նա օրերով թափառում էր ամայի դաշտերում.

  1. 8
  2. 9