Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքն էր խուսափում մարդկանցից, և մարդիկ՝ նրանից, որպես կիսախելագար շրջմոլիկից։ Բայց վրա հասավ ծերությունը, սաստկացավ հիվանդությունը, որովհետև նա այլևս ուժ չուներ ոտքով շրջելու։ Ամբողջ շաբաթներ նա տնից դուրս չէր գալիս և միայնակ շրջում էր սենյակներում, երբեմն անկապ, անիմաստ բառերով արտահայտում վերջին մի քանի հավատարիմ բարեկամների համար անգամ անհասկանալի իր միտքը։ Գիշերները ցավից բառաչում էր, սարսափելով մահից։ Նա մեռավ 1745 թվի հոկտեմբեր 19-ին, վերջին տարիներին ապրելով որպես խելագար, ոչինչ չհասկանալով շրջապատից, և ինչպես նրա մասին ասել է մի անգլիացի գրող՝ «Բեմը խավարի մեջ թաղվեց ավելի կանուխ, քան կիջներ վարագույրը»։

2

1720—25 թվերին, իռլանդական հուզումների ժամանակ, Ջոնաթան Սվիֆտը գրում է իր գլուխ-գործոցը՝ «Գուլիվերի ճանապարհորդությունների» չորս գիրքը, որով նա համաշխարհային գրականության մեջ գրավում է իր տեղը հանճարեղ հեղինակների կողքին։ Ո՛չ այդ թվերից առաջ և ո՛չ էլ հետո, մինչև մահը, Սվիֆտի երկասիրություններից և ոչ մեկը չի հասնում «ճանապարհորդությունների» բարձր արժանիքներին։

Ընթերցողը կտեղեկանա գրքի վերջում եղած ծանոթություններից[1], որ Սվիֆտը «Գուլիվերի ճանապարհորդությունների» չորս մասերը չի գրել այն հաղորդականությամբ, ինչպես նրանք տեղավորված են տպագրության համար։ Նույն աղբյուրները վկայում են, որ տարբեր ոգևորությամբ է հեղինակը ստեղծագործել առանձին մասերը, երբեմն տարերային տաղանդով երկնել ամբողջական հատվածներ, երբեմն էլ փոփոխության ենթարկել, երբ գործն ավարտված էր տպագրության համար։ Բացի այդ, նրա կենդանության օրոք, ինչպես և հետագա հրատարակությունները, բազմաթիվ կրճատումների և փոփոխությունների են ենթարկվել, փոփոխություններ, որոնք զանազան ժամանակների առաջադրած պահանջների հետևանքն էին։

Ինչպես մյուս, նույնպես և այս աշխատությունը Սվիֆտը հրատարակել է առանց հեղինակի անունը հիշատակելու։ Ժամանակակիցները վկայում են, թե գրքի ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ շատերը,

  1. 10