Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնիսկ գիտնականի համարում ունեցող անձինք, զանազան քարտեզների վրա փնտրում էին լիլիպուտների երկիրը և կամ Լապուտան։ Գաղտնիքն այնքան լավ է պահվել, որ Սվիֆտի անձնական բարեկամները՝ ժամանակի նշանավոր հեղինակներ Պոպեն և Արբետնոտը, չգիտեին, թե ո՞վ է հեղինակը։ Նրանցից մեկը մյուսին հայտնում է, որ այդ գիրքը գրել է կա՛մ էրազմը (Ռոտերդամցի), կա՛մ սատանան (Erasmi aut diaboli)[1]:

Սվիֆտի ժամանակ կային ծովային բազմաթիվ ճանապարհորդությունների նկարագրություններ, որտեղ բավական շատ էին ֆանտաստիկ դիտողությունները։ Սիրանո դը Բերժերակի[2] «Երգիծական պատմությունները» «Գուլիվերի ճանապարհորդությունների» ծննդաբանությունը ճշտելու համար անհերքելի ապացույցներ են տալիս։ Անկասկած, Ջոնաթան Սվիֆտն օգտվել է ոչ միայն ծովային ճանապարհորդությունների նկարագրություններից և Սիրանո դը Բերժերակի գրքերից, այլև Ռաբլեի[3], Լուկիանոսի «Ճշգրիտ պատմություններից»[4], Արիստոֆանի «Թռչունների մասին»[5] երկասիրությունից և այլն:

Հազվագյուտ էրուդիցիայի տեր էր Սվիֆտը։ Նա քաջ գիտեր ո՛չ միայն հին դասական գործերը, այլև իր ժամանակակից գրականությունը։ Նրա հետաքրքրության հորիզոնը լայն էր: Նա և՛ քաղաքական խնդիրներով էր զբաղվում, և՛ հետևում էր գիտնականների վեճերին՝ աստղաբաշխությունից մինչև բժշկական գիտությունները, ուշադրությամբ ուսումնասիրում էր զանազան ժողովուրդների ստեղծագործությունները և, միևնույն ժամանակ, իր գրական ընկերների՝ Պոպի, Ադիսոնի, Ստիլի, Արբետնոտի համար (որոնցից յուրաքանչյուրն անվանի գրող էր) Սվիֆտը ճանաչված հեղինակություն էր գրական արվեստի խնդիրներում։ Նա ծանոթ էր Հոբսի փիլիսոփայության և նրան է ծաղրել իր «Հեքիաթ տակառի մասին» աշխատության մեջ։ Հռչակավոր Իսահակ Նյուտոնը ևս չի ազատվում նրա երգիծանքի թունավոր սլաքներից, ինչպես և Բենտլեյը, որ ճանաչված բանասեր էր։ Սվիֆտն ուշադրությամբ հետևում է Լոնդոնի արքայական ընկերության բոլոր նիստերին և նրանց բանավեճերին, որպեսզի ծաղրի գիտնականներին, բժիշկներին, փաստաբաններին իր գրքի այն հատվածում, որտեղ պատմում է ծրագրողների Ակադեմիայի մասին։

Ո՞րն է սակայն այս գրքի հաջողության գաղտնիքը, մի հաջողություն, որ երկու հարյուր տարուց ավելի անհողդողդ վայելում է նա

  1. 11
  2. 12
  3. 13
  4. 14
  5. 15