Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթերցող մարդկության կողմից։ Սխալ չի չինի ասել, որ այդ հաջողությանն ամենից առաջ գրավիչ ֆաբուլայի և նմանը չեղած երևակայության մեջ է։ Սակայն այդ բոլորը չի։ Յուր ընկեր Պոպին 1725 թվին Սվիֆտը տեղեկացնում է, որ իր դրական գործի նպատակը ո՛չ թե մարդկանց զբաղեցնելն է գրավիչ պատմություններով, այլ տանջելը: Այս և Շերիդանին[1] գրածը, թե «Մարդկանցից մի սպասեք ավելի, քան կարող է տալ նման մի արարած, և դուք օրը-օրին մարդու և իմ նկարագրած եհուի միջև ավելի շատ նմանություն կգտնեք»,— հիմք են տվել հեղինակի հզոր երևակայության և գեղեցիկ ֆաբուլա հնարելու գաղտնիքը բացատրել նրա զարհուրելի մարդատյացությամբ։

Ամենից առաջ հարկավոր է նշել այն, որ ինքը` հեղինակը 18-րդ դարի աաջին քառորդի ամենաառաջադեմ մարդկանցից մեկն էր։ Այդ այն ժամանակ էր, երբ անգլիական բուրժուազիան գլխավորում էր ո՛չ միայն իր երկրի, այլև ամբողջ Եվրոպայի առաջավոր միտքը։ Համաձայն լինելով այդ առաջավոր հոսանքի հիմնական սկզբունքների հետ և նրանց դիրքերից հարձակվելով անգլիական արքունիքի բարքերի դեմ, Ջոնաթան Սվիֆտը միաժամանակ տեսնում էր, որ այդ բարձրացող ուժը ևս չի բերում մարդկային հասարակարգի արմատական բարելավումը։ Լինելով ուժեղ անհատապաշտ՝ Սվիֆտը խոր հուսահատության է հասնում, երբ տեսնում է այն չնչին բարեփոխությունները, որ այնպիսի շռինդով և աղմուկով մուծում էր բուրժուազիան՝ համարելով մարդկության գերագույն նպատակը։ Այստեղից արդեն բաժանվում է նրա միտքն իր դարի առաջավոր մարդկանց մտքերից և, ավելի բարձրանալով, կորցնում է բոլոր հենարանները, և բացառելով ամեն ինչ, հասնում է ծայրահեղության ամեն ինչի ժխտման, առհասարակ ամբողջ մարդկության և նրա ստեղծած բոլոր արժանիքների պախարակման։

Կա մի զուգահեռ նմանություն նրա անձնական կյանքի և «Գուլիվերի ճանապարհորդությունների» միջև։ Երիտասարդ բակալավրը եռանդով նետվում է քաղաքական կյանքի ասպարեզ, թվում է, թե զվարթ կանցնեն օրերը, սակայն հուսախաբության սև ալիքն առաջին հարվածն է հասցնում նրան, ապա նորից է մաքառում, նորից հույսը խոստանում է, այս անգամ նվազ շողշողուն, բայց ավելի ուժեղ է հարվածում ձախորդ փորձությունը, հետզհետե լեռնանում է դառնությունը, և նա հասնում է կատարյալ խելագարության, երբ ո՛չ ինքն էր հասկանում

  1. 16