Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

***

Ինչո՞ւ այդ հանճարեղ մարդը հանգավ այդպիսի հուսահատ եզրակացության։

Մենք արդեն ասացինք, որ նրա ժամանակ անգլիական բուրժուազիան գյխավորում էր ոչ միայն իր հայրենիքի, այլև ամբողջ Եվրոպայի առաջավոր շարժումը։ Կատաղի պայքար կար իշխանության համար։ Անգլիական առևտրական բուրժուազիան հսկայական հարստություններ էր կուտակել գաղութներում և մայր երկրում։ Նրա նավերը, բեռնավորված թանկագին գանձերով, լողում էին բոլոր ծովերի վրա։ Իր հայրենիքում այդ բուրժուազիան կամենում էր պետական մեխանիզմն ամբողջովին հարմարեցնել իր շահերին, և նա արշավանք էր սկսել այդ նպատակի համար։

Ջոնաթան Սվիֆտը տեսնում է այդ։ Նա ինքն էլ դժգոհ էր հողատեր ավատականության և անգլիական արքունիքի բարքերից։ Սակայն նա ամբողջությամբ չկարողացավ հարել ո՛չ բուրժուազիային և ո՛չ էլ հին կարգերի կողմնակիցներին, թեև անձնական նկատառումներով կարողացավ անցնել մի հոսանքից մյուսի կողմը։ Նա ստեղծագործողի սուր դիտողությամբ տեսնում էր, որ այդ նոր ուժը ոսկու հետ միասին բերում է բարքերի նոր ապականություն, որ մրցության հետևանքով առաջանում են նոր պատերազմներ, և հետզհետե գլուխ են բարձրացնում չարչիական բնազդները։ Սարսափած այդ ահավոր տեսիլքից՝ Սվիֆտը քաղաքական բարեկարգումների միջոցը համարում էր լուսավոր և իմաստուն թագավոր ունենալը, անշահասեր մինիստրների նշանակումը, միաժամանակ անտեսելով աշխատավոր մարդկության այն շահագործումը, որ կար թե՛ Անգլիայում և թե՛ մյուս երկրներում։

Իր բոլոր ճանապարհորդությունների ընթացքում Գուլիվերն ուշի-ուշով դիտում է արքունիքները, լինում է թագավորների և նրանց մինիստրների հետ և շատ աննշան դիտողություններ է անում բուն ժողովուրդի մասին։ Կարելի է ավելին ասել, նա ընդունում է, որ միշտ պիտի լինեն հպատակներ և տիրողներ։ Այսպես, օրինակ՝ սայլապանները և գյուղացիները ստորին կարգի մարդիկ են. նույնիսկ նրա մեծարանքի առարկա հուիհընհընմներն ունեն մի առանձին տեսակի ստորադրյալ դաս, որ պարտավոր է շատ զավակներ ունենալ։ Լիլիպուտների երկրում նա գոհունակությամբ է դիտում կրթության սիստեմը, երբ ազնվական ծագում ունեցող երեխաները դաստիարակվում են վեհանձնության