Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
«ՀՈՐՁԱ՞ՆՔ», ԹԵ՞ ՓՈՐՁԱՆՔ
(Ա. Տեր-Հովնանյանի նոր գրքի առթիվ)

Արշ․ Տեր-Հովնանյանը «սեփական» հրատարակությամբ լույս է ընծայել պատմվածքների մի ստվար հատոր՝ «Հորձանք» վերնագրով։ Հատորում հինգ պատմվածք կա՝ «Հորձանք», «Մի′շտ պատրաստ», «Առանց վերնագրի», «Վերածնունդ» և «Նաֆթի′»։ Առաջին և երրորդ պատմվածքները գրքի երեք քառորդն են կազմում, 200-ից ավելի էջ գրավելով։

Ո՞վ է հեղինակը, որ ապրում է մեր օրերում, ականատես է մեր տնտեսության վերելքին, մեր գյուղի վերածննդին և այն հսկա աշխատանքին, որ տարվում է ամեն օր քաղաքներում՝ արդյունաբերության ասպարիզում, գյուղերում՝ տնտեսությունը բարձրացնելու։ Հեղինակը տեսնո՞ւմ է այդ, կապվա՞ծ է ընդհանուր վերելքին, մասնակցո՞ւմ է նրան։ Ո՛չ, և ավելին. նա մեր օրերի իմաստն էլ չի հասկացել։

Թողնենք, որ ինքը պատմի իր մասին։ «Առանց վերնագրի» պատմվածքում հեղինակն ինքն իրեն հարց է տալիս, թե ո՞վ է, ինչո՞ւ ապրում, և պատասխանում է. «Իսկ թե ինչո՞ւ եմ ապրում, մի ժամանակ գիտեի» (էջ 142), «առաջ գիտեի, թե ինչու եմ ապրում, սակայն այժմ այդ էլ չգիտեմ» (էջ 144), «այժմ ես կյանքի նպատակ չունես» և այլն ... կարճ՝ մի մարդ, որի կյանքը հնումն է, «ժամանակի ծալքերում թաղված, դարաշրջանի (այսպես) արևելյան գունագեղ երազ»։

«Քանի որ գոյություն ունեմ, ապա պիտի շարունակեմ ապրել, այլապես, պիտի անձնասպանություն գործել»․ այսպես է, «առանց քաղաքական վերնագրի», հեղինակի դավանանքը. ճիշտ այդպես է մտածում երբեմնի չարչին, քյոխվան ու վարժապետը, որոնք հեղափոխության ալիքից մազապուրծ՝ շարունակում են իրենց անիմաստ և աննպատակ գոյությունը, որպես վիճակագրական միավոր մարդահամարի ժամանակ։