Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ն. ԳՈԳՈԼԻ «ՏԱՐԱՍ ԲՈՒԼԲԱՆ»

«Տարաս Բալբան», որի հայերեն առաջին լրիվ հրատարակությունն ահա լույս է տեսնում, Նիկոլայ Գոգոլի նշանավոր երկերից է[1]: Իհարկե, Գոգոլը հանճարեղ հեղինակ է յուր «Մեռած հոգիներ» պոեմով, բայց և այնպես, այս երկի մեջ ևս, թեև պակաս չափով, շողում է նրա բարձր հանճարը, նրա վառ երևակայությունը և պատմելու մեծ վարպետությունը։ Կոզակների և Ուկրաինայի հին կյանքից գրած նրա մի շարք պատմվածքների և վիպակների մեջ ամենից հոյակապը «Տարաս Բուլբան» է, այս երկը, որ հիշեցնում է հին գուսանների հորինած զրույցը, մեկն ուկրաինական այն «դումաներից», որ փանդիռի նվագակցությամբ ալեմորուս ծերունիները պատմում էին Ուկրաինայի գյուղերում, երբեմն իբրև չափածո և երբեմն՝ արձակ պատմվածքի ձևով։

Դեռևս Նեժինի գիմնազիայում, բարձր դասարանների աշակերտ Գոգոլը սիրում էր լսել պատմության առարկայի այն դասերը, երբ ուսուցիչը պատմում էր ուրիշ երկրների և, հատկապես, Ուկրաինայի Միջին դարերի պատմությունը։ Հին օրերի եղելությունների մասին պատմում էր նաև հեղինակի հայրը՝ Վասիլիյ Գոգոլը, փոստի մի հասարակ ծառայող, բայց շառավիղը ազնվական մի տոհմի, որից շատ ներկայացուցիչներ իրենց թրադաշույնի զորությունը փորձել էին լեհական շլյախտիչների, Ղրիմի թաթար խաների և Ցարգրադի[2] սուլթանի դեմ մղած արշավանքներում, որպես կոզակ զորագնդերի ատամաններ։ «Տարաս Բուլբայի» մեջ հիշատակված հերոսներից շատերը ոչ միայն պատմական անձնավորություներ են, որոնց մասին Գոգոլը տեղեկություններ է քաղել հին տարեգրություններից, այլև ոմանք եղել են հեղինակի նախահայրերը, և նրանց մասին ավանդել է տոհմական քրոնիկան։ Գոգոլի մանկության օրերի ամենավաղ հիշողությունները կապված են նրանց տան հարուստ բարեկամ, կոմս Տրոշչինսկու ընտանեկան թատրոնի հետ, որտեղ հաճախ ներկայացնում էին հեղինակի

  1. 1
  2. 2