Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարաբերությունները հետզհետե աճող թափով խարխլում էին մանր կալվածատերերի տնտեսական հիմքը։ Իսկ խարխլվողներից և ոչ մեկը, գեթ աղոտ չափով, չէր հասկանում և չէր էլ կարող հասկանալ շրջապատի իրադարձությունները, որովհետև հասկանալը ևս աշխատանք է, իսկ այդ մարդկանց համար աշխատանքը մահ էր։

Գոգոլը բարձր էր յուր շրջապատից։ Նա տեսնում էր, որ բոլոր Մանիլովները դատապարտված են անխուսափելի ոչնչացման։ Սակայն նրա միտքն ավելի խորաթափանց չէր, որպեսզի տեսներ ելքը և այն առաջատար ուժը, որ գալիս էր՝ խորտակելով հինը։ Եվ դեռ ավելին. յուր ըմբռնումներով Գոգոլը հետադիմական բանակի մարդ էր։ Սլավյանաֆիլների խմբակի[1] հետ ունեցած նրա երկարամյա բարեկամությունը պատահական չէր: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի փրկությունը կալվածատիրական կարգերն անխախտ պահելու մեջ էր. մանր կալվածատերի հոգեբանությամբ՝ Գոգոլը ծիծաղում էր նրանց վրա, որոնք շաքարի, սպիրտի, կաշվի և այլ գործարաններ էին հիմնում։ 1848 թվի հեղափոխությունը նա համարում էր պարապ մարդկանց հիմարություն։ Ամեն առիթով նա ցույց էր տալիս, որ ինքը ռուսական կայսեր խոնարհ հպատակն է։ Վերջապես՝ հայտնի է Բելինսկու նշանավոր պատասխանը Գոգոլին, վերջինիս հետադիմական կարծիքների առթիվ։ Գոգոլը մինչև ուղն ու ծուծն աղոթասեր և հավատացյալ մարդ էր։ Այն ժամանակ, երբ առաջավոր սերունդը նրա «Ռևիզորը» դրոշ էր դարձրել, երբ գավառական քաղաքի պաշտոնեության ծաղրի մեջ նրանք իրավացի տեսնում էին ծաղր կայսերության հիմքերի, ներքևից մինչև վեր, մինչև համառուսական գորոդնիչի Նիկոլայ կայսրը,— ինքը՝ հեղինակն ուխտադրության էր դնում Երուսաղեմ՝ տեսնելու «սուրբ վայրերը»։ Երբ Սոբակևիչները, Պլյուշկինները և մյուսները դարձել էին հասարակ անուններ, Նիկոլայ Գոգոլը խոր հուսահատությունից ավելի և ավելի էր փարվում ուղղափառ հավատի վեմին։ Եվ հայտնի է, որ վերջին տասը տարին նա մի մոլեռանդ հավատացյալ էր, որը մաշում էր իրեն ծոմերով և պահքով, որը վառեց երկար տարիների աշխատանքի արդյունքը՝ «Մեռած հոգիների» երկրորդ հատորը, որի ընթերցանության գիրքն Ավետարանն էր և «Յասմաւուրքը», ամենամոտիկ բարեկամները՝ զանազան անապատականներ, ջադու պառավներ և կրոնամոլ քահանաներ, որոնցից մեկը նրան հասցրեց մինչև ոչնչացում։

  1. 5