Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք նույնքան վիթխարի են և հզորությամբ գեղեցիկ, որքան Դնեպրը, որքան նրանց հայրենիքի անեզր ստեպը։ Նրանք վեհագույն են նույնիսկ դաժանության ժամին․ երբ Բուլբա հայրն ահեղ գոչում է որդուն. «Ե՛ս եմ քեզ ծնել, ես էլ կսպանեմ»,— գոչում և արձակում է հրազենը, չգիտես ո՞վ է ումից հզոր և գրավիչ՝ Տարա՞սը, թե՞ Անդրին․ թե՞ երկուսն էլ հավասարաչափ։

Օգտվելով ժողովրդական բանահյուսության ձևերից և նյութ դարձնելով իրական մի դեպք, Գոգոլը յուր հերոսներին պարգևել է նաև այնպիսի մտքեր, որոնք այդ մարդկանց հատուկ չէին։ Այդ մտքերն իրեն՝ Գոգոլի սեփականությունն էին։ Պատմական ճշմարտության հակառակ են «Տարաս Բուլբայի» այն հատվածները, որոնց մեջ մեռնող կոզակները մեկը մյուսի հետևից գովաբանում են ռուս իշխաններին, ռուս թագավորին և ուղղափառ հավատը։ Զապորոժյան Աեչը[1] առնչություն չուներ ռուս իշխանների և ռուս թագավորի հետ։ Գոգոլին հայտնի էր այն, որ ռուս թագավորներն իսպառ վերացրին կոզակների ազատ եղբայրությունը։ Հետին թվով Սեչի կոզակների բերանը դնելով այդպիսի խոսքեր՝ Գոգոլն արտահայտում էր միայն և միայն յուր խոնարհ հպատակի զգացումները ռուսական գահի հանդեպ։ Այդ միայն ժամանակի տուրք չէր, այլ կազմում էր Գոգոլի համոզումների հիմքը։ Նույնը կարելի է ասել կրոնի և Գոգոլի կրոնական զգացումների խոր ազդեցության մասին։ Ժողովրդական «դումա»-ների մեջ հավատի խտրությունը դեր չի խաղում, այնինչ Բուլբան ներկայացված է ուղղափառ հավատի նույնքան ջերմ պաշտպան, որքան և ինքը հեղինակն էր։ Կրոնի խոր ազդեցությամբ պիտի բացատրել նաև այն ներքին և սխալ նմանությունը, որ կա Տարասի և մյուս կոզակների ու քրիստոնեական հավատի առաքյալների միջև։ Ճակատամարտից առաջ Տարաս Բուլբայի գինարբուքը հիշեցնում է Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիք»-ի տեսարանը[2]: Հավատի համար մեռնող կոզակների հոգիները երկինք են բարձրանում և նստում են «ընդ աջմէ աստուծոյ»։ Կաթոլիկ վանքի և ժամերգության նկարագրությունը ոչնչով պակաս չի ստեպի նկարագրությունից։ Ի դեպ, հարցի այս առումով որքան են իրար նման «Տարաս Բուլբան» և... Եղիշեի «Վասն պատերազմին Վարդանանց» պատմությունը, և սխա՞լ կլիներ արդյոք ենթադրել, որ վերջինս ևս սոսկ գրական գործ է, որի հեղինակն առավել կամ պակաս չափով օգտվել է յուր ժամանակի գուսանների երգերից[3]։

  1. 7
  2. 8
  3. 9