Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջ ժողովուրդը։ Դուք հիշում եք, թե ինչպես Գոգոլը իր «Մեռած հոգիներում» մատնացույց է անում գյուղացիների ծռախոսությունը։ Սակայն նա, ով այժմ ճանաչում է մեր կոլտնտեսականներին, կասի, որ հիմա ծռախոսություն չկա։ Այժմ գյուղացին խոսում է միանգամայն ուղիղ, ճշգրիտ և գունեղ։

Վերցրեք երեխաների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը։ Մի՞թե դա ցույց չի տալիս ժողովրդի հոգեբանության մեջ կատարված փոփոխությունները և նրա կուլտուրականության աճը։ Ոչ մի կասկած չի կարող լինել, որ հնում, հատկապես մեր արևելյան ժողովուրդների մեջ, երեխաների նկատմամբ հոր կողմից սեր արտահայտելը տղամարդուն վայել գործ չէր համարվում։ Այժմ փոխվել են թե՛ այդ և թե՛ հին կենցաղի ուրիշ շատ գծեր։

Ընկերներ, վերին աստիճանի հետաքրքրական են ժանրի հարցերը։ Այստեղ այդ մասին քիչ խոսեցին։ Ես պետք է ասեմ, որ ազգային գրականությունների հիմնական թերությունը համարում եմ ժանրերի հնացած լինելը, այն, որ այդ գրականություններն ընկնում են խոշոր վարպետների կողմից արդեն հաղթահարված ձևերի ազդեցության տակ։ Այժմ ոչ ոք չի կարող գրել այնպես, ինչպես գրում էր Ռուսթավելին։ Ես նույնիսկ այսպես կասեի, այն ձևերը, որոնք 19-րդ և 20-րդ դարերում հաղթահարվել են հայ կամ վրացի որևէ վարպետի կողմից, հաճախ ընդօրինակման պատճառով արգելք են հանդիսանում գրական նոր ձևերի զարգացման համար։

Որտե՞ղ է ճշմարիտ ուղին․ այդ ուղին վերադարձն է դեպի սկզբնաղբյուրները, դեպի ժողովրդական ստեղծագործությունը։ Ես նկատի ունեմ ոչ թե վերադարձը դեպի ժողովրդական ստեղծագործության հին աղբյուրները, դեպի բանահյուսությունը, թեև բանահյուսությունը նույնպես ապրում ու զարգանում է,— այլ վերադարձը դեպի ժողովրդական ստեղծագործության իսկական և նոր արմատները։

Ժանրի հարցի կապակցությամբ ես պետք է ասեմ, որ մեծ հետաքրքրություն ունի գեղարվեստական պատմական ժամանակագրության ժանրը։ Հայկական պատմական ժամանակագրությունների վիթխարի քանակությունը բոլորովին չի օգտագործված գեղարվեստական գրականության կողմից։ Մեր գրողների պարտականությունն է քննել, ուսումնասիրել դրանք, քննադատորեն վերցնել այնտեղից էպիկականությունը, արտահայտման