Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ Գետաթաղը` 1։ Աշակերտների երթևեկությունը, ձմեռվա ցրտի և բուքի պատճառով, երբեմն ընդհատվում է։

Դպրոցը ունի սեփական շենք, որ շինվել է 1910 թ., երիտասարդության և գյուղացիների ջանքով։ Դպրոցի շենքը ունի 2 մեծ, լուսավոր սենյակ։ Պարապմունքները լինում են մի սենյակում, մյուսն ազատ է։

Տարվա ընթացքում եղել է երկու աշակերտական հանդես, երեք զուտ մանկական ցերեկույթ, երեք զբոսանք, երկու ծնողական ժողով և հոգաբարձության վեց նիստ։ Մի քանի երիտասարդի մասնակցությամբ եղել է երեք ներկայացում, որոնց մուտքը ձրի է եղել. միայն թե կամավոր կերպով հավաքվել է մի գումար` լրագրի համար:

Աշակերտներից փոխադրվել են 25 հոգի, մնացել են 8 տղա` զանազան պատճառներով։ Այս տարի թույլ է եղել գրավորը` տետրակի սղության պատճառով։ Մի տողանի տետր բնավ չի եղել. տետրակները ծախվել են 10 կոպեկով։

Ողորմելի է դպրոցի բյուջեն. մուտք` Բաքվի երիտասարդությունից` 100 ռուբլի, թոշակադրամներից՝ 156 ռ, եկեղեցուց` 40 ռ., ուխտատեղուց` 40 ռ., գրքերի վաճառումից` 9 ռ., ընդամենը` 345 ռ.: Ելք` ուսուցչի ռոճիկ` 300 ռ., բնակ. վարձ` 30 ռ., թեմական տուրք` 10 ռ., դիվանական ծախք՝ 20 ռ., ընդամենը՝ 360 ռ., նվազուրդ (դեֆիցիտ) 15 ռ.։

Այս տարի Վեհափառ կաթողիկոսը բարեհաճել է դպրոցական ֆոնդի գումարներից տարեկան 200 ռ. նպաստ նշանակել։ Գյուղացիներն էլ ծխական ժողովում որոշել են ծխական տուրք տալ ըստ չափի կարողության։ Հասարակությունը դիմում է ուղարկել Վեհափառ Հայրապետին` Որոտնա ավերակ վանքի կրկնազատկի ուխտի օրվան եկամուտը հատկացնելու դպրոցին։ Հոգաբարձությունն էլ դիմել է Գրոզնու և Բաքվի երիտասարդությանը և խնդրել է, որ իրենց ռոճիկների մի որոշ տոկոսը հատկացնեն դպրոցին։ Դիմել են տ. Շ. Տեր-Մարգարյանին, որպեսզի վերջինս էլ մի որոշ նպաստ հատկացնի։ Տ. Շ. Տեր-Մարգարյանը իր ծնողների հիշատակը հավերժացնելու համար տարիներ առաջ իր հայրենի դպրոցին 300 ռ. է խոստացել, բայց մի թյուրիմացության շնորհիվ մերժել է իր նպաստը։ Հոգաբարձությունը խնդրել է, որ հարգելի տիկինը ուշադրության չառնի նման թյուրիմացությունները