Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե գավառի բոլոր շրջաններում փորձելուց հետո որևէ շրջան աչքի ընկնի իր բերքով, այսինքն` եթե մի շրջանում Հրաշալի ցորենը հաջող գնա, գալ տարի, նախ` ինքը գյուղացին արդեն կհետաքրքրվի, որովհետև աչքով տեսել է, և երկրորդ` գյուղկայանը ձեռք կբերի Հրաշալի ցորենի սերմացու անհրաժեշտ քանակությամբ[1]:

Հրաշալի ցորենը մեր տեղական ցորենից ավելի փարթամ է և բոյով, ուրեմն` ավելի շատ է դարման տալիս։ Նրա հրաշալի լինելը հասկի ճյուղավորման մեջ է։ Հասկի ներքի մասը ուռչում է, մի տեսակ ճյուղավորվում։ Հրաշալի ցորենի հասկը շատ ավելի մեծ է ու լայն, քան մեր սովորական ցորենի հասկը։ Հրաշալի ցորենը աղքատ հողեր չի սիրում. նրա համար հարկավոր է հարուստ ուժով հող։

ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՅՈՒՂԸ

Խնձորեսկը ոչ միայն Զանգեզուրի, այլև Հայաստանի ամենամեծ գյուղն է։ Գյուղը ցրված է խոր ձորերի մեջ, ժայռերի տակ. շատ հաճախ գյուղացիք իրար չեն ճանաչում, իսկ հարկի կամ որևէ այլ խնդրի համար, երբ հարկավոր է ցուցակագրություն կատարել, գյուղի ընկերները զարմանքով հարցնում են իրար, թե` էս է՞լ է մեր գյուղացի։

Տները հնուց մնացած քարափոր այրեր են. հեռվից նայելիս` գյուղը քարանձավների մի ամբողջ սիստեմ է թվում, ծուռումուռ փողոցներով, տներն անկարգ, այնպես որ, շատ անգամ, մի տան կտուր մյուսի համար բակի տեղ է ծառայում։

Համարյա յուրաքանչյուր տարի այդ բարձրագագաթ ժայռերից մեկն ու մեկը փլվում է, տակովն անում մարդ ու անասուն։ Դեռ շատ առաջ գյուղացիք միտք ունեին դուրս գալու իրենց ձորերից դեպի սարահարթը և մի քանի գյուղեր հիմնել։ Այդ միտքը հիմա հասունացել է, շատերն են հոժար նոր գյուղ հիմնելու, ավելի ճիշտ` մի քանի գյուղերի բաժանվելու։ Խնձորեսկի երիտասարդությունը, որ ցրված է զանազան քաղաքներում, պետք է այս խնդրի մասին լուրջ մտածի և միջոցներ առաջարկի։

Թե՛ տեղական և թե՛ կենտրոնի իշխանությունն անհրաժեշտ օգնությունը չեն մերժի։

  1. 3