Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հենց նրանց ենք ուղղում մեր խոսքը։ Նրանք պիտի միանան, գյուղի երիտասարդության և գավառի գյուղատնտեսական բաժնի հետ միասին այդ գործը գլուխ բերեն` Շնաթաղում ստեղծեն կաթնատնտեսական արտել։

Առանց դրան Շնաթաղն ապագա չունի։ Այս պիտի օղ անեն և ականջից կախեն բոլոր նրանք, որոնց համար թանկ է գյուղի բարձրացումը։

ԳՈՐԻՍ ԳՅՈԻՂԸ

Գորիս գյուղը[1] քաղաքից մի ձորով է բաժանված։ Քաղաքի բնակիչների պապերը գյուղում ապրելիս են եղել, իսկ նրանց ժառանգները՝ ծուռումուռ փողոցներին, քարքարոտ ճանապարհներին չհավանելով, անցել են ձորը և հարթ տափարակի վրա քաղաքը հիմնել. գյուղում մնացել են տնտեսապես ավելի թույլերը։

Սակայն գնալով գյուղի դրությունը վատացել է։ Հեռու իր վարելահողերից, զուրկ բանջարանոցներից ու ջրովի խոտատեղերից, հեռու արոտատեղից ու սարի խոտհարքից, գյուղն ավելի է աղքատացել։ Պատերազմի ու ազգամիջյան կռիվների ժամանակ Գորիս գյուղն ամենից շատ է տուժել։ Այսօր Զանգեզուրի գավառում այդ գյուղի նման աղքատ գյուղ չկա։

Երբեմնի փարթամ գյուղից մնացել է 277 տուն, որից 122 տունը չքավոր են, յուրաքանչյուրը՝ 1—2 կովատեր։ Սակայն չքավորների թվի մեջ չեն այրիների տասնյակ տներ, որոնց աշխատող ձեռքը կինն է. ամուսինը կամ սպանվել է կռվում և կամ մեռել «պլենում», կամ էլ անհետ կորել։

Այրիների այդ տասնյակ տներն են, որ ապրում են ծայրահեղ չքավորության մեջ, օրվա հացի կարոտ։ Նրանք չեն կարողանում իրենց հողերից օգտվել, որովհետև լծկան չունեն, սերմացու չունեն։ Հողաբաժանման ժամանակ շատերը նրանցից չեն էլ հետաքրքրվել հող ստանալու մասին։ Համարյա յուրաքանչյուր տարի այդ աղքատ տներն ստանում են սերմացու, յուրաքանչյուր տուն՝ 2—3 փութ, սակայն շատ հաճախ սերմացուն էլ է իզուր կորչում։

Ծանր է տեսնել, թե ինչպես ցնցոտիապատ կանայք (նրանցից շատերը մի պարկ ծակում և անցնում են գլուխը) քլունգներով գյուղի մոտակա

  1. 1