Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց մնացած աղքատ մասն առանց պետական վարկի ոչ մի կերպ չի կարող փոխադրվել։

Հենց այդ ի նկատի ունենալով՝ համայնական ժողովը որոշել է դիմել կառավարության՝ վարկ ստանալու համար։ Տեղական իշխանությունը և հասարակական կազմակերպություններն ևս ցույց կտան իրենց աջակցությունը։ Փոխադրվող գյուղացիք ձրի կստանան փայտեղեն՝ մոտիկ անտառից, հնարավոր կլինի նրանց որոշ ժամանակով ազատել հարկից և այլն։

Իսկ նոր տեղը փոխադրվելուց հետո գյուղը մի ազատ շունչ կքաշի և արագ կզարգանա։

ՆԱՄԱԿՆԵՐ ԳՅՈԻՂԻՑ

Եթե Ապարանի շրջանի գյուղերը Քսենոֆոնի ժամանակվա[1] վարք ու բարք և աղքատ տեսքն ունեն, ապա Զանգեզուրի շատ գյուղերն իրենց մի քանի կողմերով Քսենոֆոնից շատ դարեր առաջ եղած գյուղն են հիշեցնում:

Գյուղը մութ է, գյուղացին դեռ ազատված չի սնոտի հավատից, Նավասարդի տոնին[2] հարյուրավոր մսացուներ դեռ այսօր էլ մորթում են՝ պապենական «ադաթն» ու սովորությունն առօրյա կյանքում դեռ գերիշխում են։ Գյուղում այժմ էլ դեռահասների (13 տարեկան, երբեմն պակաս) ամուսնություն է կատարվում. եթե գյուղացին երես է թեքել եկեղեցուց, ապա այդ շատ թեթև և մակերեսային ձևով է կատարված։ Օդաներում, տաք գոմերում հավաքվել են, հին, «Մովրովի» ժամանակից[3] կամ էլ առաջ եղած դեպքերից պատմել և ջահելին, նոր սերնդին սովորեցրել շատ ավելորդապաշտություն. այդ ամենը դեռ կա։ Նոր, հեղափոխական խոսք, նոր կենցաղի ստեղծում, շինարար նոր ոգի, այս ամենը գյուղական թանձր մասսիվում դեռ մի բարակ վերնաշերտ են կազմում։

Կուլակը նորից գլուխ բարձրացրեց. իր տնտեսական հիմքն ամրացնելուց հետո ձեռք է մեկնում գյուղի համայնական օրգաններին. եթե գյուղխորհուրդը դեռ մատչելի չէ, փոխօգկոմը կամ կոոպերատիվի մեջ խցկվելն ավելի հեշտ է։ Իսկ նրան միայն խցկվել է հարկավոր։ Հետո ուռչում է, ծծում, տռզում, իր ձեռքն առնում գյուղի ապրանքի

  1. 1
  2. 2
  3. 3