Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավաքելու համար։ Գյուղում երբ հարց ենք տալիս, թե ինչո՞ւ թերթ չեք ստանում, շատ անգամ պատճառը մի հասարակ բան են բերում՝ հասցե չիմանալը, պայմաններին անծանոթ լինելը։

Եթե գյուղը լրագրից զուրկ է, ուրեմն՝ նա գիրք էլ չի կարդում։ Եվ այդպես էլ կա, գյուղում գրքի սով է. գյուղական ուսուցիչը ըստ մեծի մասին բավականանում է մի քանի գրքերի ընթերցմամբ, որ նրան հրահանգում է գավառի լուսբաժինը։ Նրա ընթերցումն, ուրեմն, իր պաշտոնի գծած սահմանից դենը չի անցնում։ Խորհրդային գյուղի ուսուցիչն այդպես չպիտի լինի։

Գյուղը զարթնում է, նա հետաքրքրվում է դրսում կատարվող իրադարձություններով։ Հարկավոր է օր առաջ մեր ամենօրյա թերթերը գյուղերում տարածել ու նրան ամուր կապել քաղաքի հետ։

Զանգեզուր

ՂԱՓԱՆԻ ՊՂՆՁԱՀԱՆՔԵՐՈԻՄ

Հանքերում այժմ կատարվող աշխատանքին ականատեսը մի պահ չի կարողանում իրեն հաշիվ տալ, թե մի քանի ամսվա ընթացքում ինչպես հնարավոր եղավ Ղափանի քնած հսկաներին զարթեցնել և նորից շունչ տալ գործարանին, որ ճչա զիլ և կանչի բարձր՝ աշխատավորության մի նոր հաղթանակի մասին[1]։

Դեռ հանքերին և ձուլարանին չհասած՝ նկատելի են նորոգման հետքեր։ Մի տեղ այրված շինության կտուրն են նորոգել, պատուհաններն են գցել, մի ուրիշ տեղ ճանապարհն են սարքել կամ տարիների ընթացքում կուտակած հողն ու ավազը դուրս թափել։ Քանի մոտենում եք, այնքան ավելի է զգացվում, որ ստեղծվել է մի կատարյալ մրջնոց։ Լայն և ուղիղ ճամփով դեպի գործարան, դեպի հանքերի վարչություն կամ «մաղարան» (այր) են գնում բանվորներ, գյուղացիք, բեռնած գրաստներ։ Լսվում է մի խուլ աղմուկ, մուրճերի հատու ձայն, կանչ, մի խոսքով գործարանային կատարյալ ժխոր:

Առայժմ աշխատում են միայն չորս գրուպպայում՝ վեց հանքահոր․ մի քանի տեխնիկական պակաս վերացնելուց հետո կսկսեն նաև մնացած մաղարանները։ Աշխատում են 60-ից ավելի բանվոր, մի քանի սմենայով։ Կարգի է բերված նախկին ֆրանսիական գործարանը, որ

  1. 1