Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ նկարն արտատպելու, ավելի լավ կլիներ, որ այդ պարբերությունը կրճատվեր, մանավանդ որ գոմերի այդ ձևի օդահանումը շատ հարցական է մեր գյուղերում։

Հորթին չեն «թիմարում» (եր. 13), այդ էլ անսազական մի բառ է, սարքովի մի խոսք: «15 արշին հատակին 1 արշին լուսամուտ ընկնի» պարբերության մեջ մոռացված է քառակուսի բառը։ Արդյո՞ք մի քիչ վաղաժամ չէ մեզ համար «ամեն ամիս հորթին պետք է տաք ջրով ու կանաչ սապոնով լվանալու» խորհուրդը այն ժամանակ, երբ գյուղացու մարմինը տարիներով տաք ջրի երես չի տեսնում։ Նման առաջարկը, որքան էլ գիտականորեն հիմնավորված լինի, ընթերցող գյուղացուն խրտնեցնում է գրքույկի մեջ եղած շատ օգտակար և, որ գլխավորն է, հենց այսօրվա մեր գյուղին մատչելի արժեքավոր խորհուրդներից։

«Առաջին կաթը կոչվում է «դալամա» (դալ) (եր․ 14). նույն էջի ծանոթության մեջ ասված է, որ մեր մի քանի գավառներում առաջին կաթին «խիժ» են ասում։ Այդ այնքան էլ ճիշտ չէ, «դալման» առաջին կաթը (որին Զանգեզուրում «աղուզ» են ասում) եփելուց հետո են ստանում, իսկ «խիժը» կամ «խեժնը» (Զանգեզուր)՝ առաջին կաթը մակարդելուց։ Քանի դեռ որոշ տերմին չկա, ավելի լավ էր գործածել միայն «առաջին կաթ», քան ընթերցողին մոլորեցնել ոչ ճիշտ տերմիններով։

Գրքի մատչելիությունն ավելի շահված կլիներ, եթե ասեին «հինգից մի մասը» («մի հինգերորդի», «կամ 1/2֊ի» փոխարեն. գյուղացին պարզ թվերը հազիվ է ջոկում)։ Նույն բանը կարելի է ասել և հորթի կերակրման աղյուսակների մասին (եր․ 19 և 21)։ Ո՞րն է «լափը» (երես 12. «...Չորրորդ ամսից լափը կտրում են»)։ Դրա փոխարեն կարելի ասել «կեր», և ոչ մի գյուղացի գլխի չի ընկնի, թե այդ լափել բայի արմատից է կազմած։ Շատ խրթին է «ստերժ կովեր» կոչվածը, այդ խոսքը եթե դուրս հանվեր, միտքը ավելի պարզ կլիներ։ Երես 20֊ում խոսվում է «զուգավորվելու» մասին, բայց հենց իսկույն շուռ տալիս՝ «բուղով գալու»։ Այս շատ լավ, հաջող և հասկանալի բառը միշտ պիտի գործածել և դեն ձգել «զուգավորվելը»։ Նման գրքից «բանվորացու» ցեղը դժվար է հասկանալ, լավ է ասել (ինչպես ասում է գյուղացին) լծկան կամ եզնացու։ «Մորթելու հորթի» (եր, 24) փոխարեն վատ չի լինիլ, եթե գործածենք «մսացու հորթ»։ Ո՞րն է «գարնան դարմանը» (եր, 24)։ Բնագրում ասվում է գարնանացանի դարմանի մասին, տարբերությունը