Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վիկը շատ չի բարձրացել, մոտ 8—9 վերշոկ։ Անձրև չի եղել, չեն էլ ջրել։ Տպավորությունը դարձյալ լավ է։

«Եթե այդ հողում վիկն այդքան խոտ է տվել, ուրեմն նա շատ լավ խոտ է»,— ասում էին գյուղացիք»։ Հայկավանը ևս գալ տարվա համար վիկի սերմի պահանջ է դրել։ Այդ գյուղում ցանած վիկը տեղ-տեղ կտրվել էր, բուսել էին զանազան մոլախոտեր և փուշ։

Խնձորեսկ գյուղում վիկ ցանել ենք դպրոցի հողամասում ապրիլի 19-ին և հարել հուլիսի 17-ին։ Մի դեսյատինը տվել է 210 փութ չոր խոտ։ Չի ջրվել, անձրև միայն մի անգամ է եղել, բացի այդ, հողը ծանր կավային է եղել և չորությունից ճաքճքված։

Բռուն գյուղում վիկ ցանել ենք Սամսոն Հարությունյանի հողամասում, գյուղի ճանապարհի գլխին։ Վիկը ցանել ենք ապրիլ 15-ին և հարել հուլիս 21-ին։ Մի դեսյատինը տվել է 360 փութ չոր խոտ։

Այդ հողում անցյալ տարի մշակել են ցորեն և այս տարի պետք է խամ թողնեն, որպեսզի եկող տարի նորից ցորեն ցանեն։ Այդ հողամասում վիկն ավելի շատ բերք է տվել, բայց մենք հարել ենք ոչ երեսից, թողնելով 3—4 վերշոկ բարձրությամբ վիկի ցողունները, որպեսզի գալ տարի պարզենք, թե ի՞նչ ազդեցություն է անում վիկը ցորենի բերքի վրա։

Գյուղացիները հետաքրքրվում են ոչ միայն վիկի բերքի քանակով, այլև խոտի որակով։ Ոմանք պնդում էին, թե վիկը վնասակար խոտ է անասունների համար։ Մեզ մնում էր հենց այդ նույն գյուղացիների ձիերի առաջ մի-մի խուրձ վիկի խոտ դնել, նրանց կասկածը փարատելու համար։ Գորիս գյուղում, Գեղամ Շալունցի հողամասում ցանվել է վիկ ապրիլ 21-ին և հարվել է օգոստոս 3-ին, մի դեսյատինից ստացվել է 260 փութ չոր խոտ։ Հողը եղել է ավազային, ջրվել է մի անգամ։

Բացի այդ, վիկ ցանել են և այլ գյուղացիներ, որոնք կա՛մ իրենք են գնել սերմը մեզնից, կա՛մ մենք ենք սերմը ձրիաբար տվել։

Այդ գյուղերից դեռ տեղեկություն չկա։ Մեզ հայտնի է միայն մի դեպք Տեղ գյուղում, ուր հաջող բերք չի տվել։ Դեսյատինի հաշվով ստացվել է մոտ 110 փութ։

Այդ գյուղում ցանած վիկի մի մասը քշել է հեղեղը, այնպես որ մենք հաշվեառման չենք ենթարկել։

Ի՞նչ են ասում թվերը։