Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քան դեմի հողերում, որովհետև դեմի հողում ավելի շատ սերմեր են փչանում, սերմերն ավելի են վտանգի ենթակա։ Բացի այդ, տեղական սերմն ավելի խիտ են ցանում, որովհետև չհասած սերմեր շատ կան։ Խիտ ցանելու դեպքում ավելի փափուկ խոտ է ստացվում։ Այդ հանգամանքն էլ պակաս նշանակություն չունի։

Երբեմն աշնանացանի վրա, գարնանը, առանց ցաքանելու, շաղ են տալիս սերմ և, որպեսզի սերմերը թաղվեն հողում, ոչխար են քշում արտի վրայով։ Այդ ձևը շատ ընդունված է ջրովի հողերի համար, ավելի պակաս՝ դեմի հողերում։

Տանելուց հետո, 8—10 օր անց, երևում է արդեն կանաչը։ Այդ շրջանի համար վճռական նշանակություն ունեն անձրևները։ Տանելուց հետո, եթե մի կամ երկու անգամ անձրև է գալիս, հաջողությունը ապահովված է, անգամ եթե երաշտ տարի է լինում։ Անձրևներ չգալու դեպքում դեմի հողերում առվույտի և կորնգանի բերքը դառնում է հարցական։

Այդ գյուղում փորձեր են արվել կորնգանն աշնանը ցանելու։ Ճիշտ է, աշնան առատ անձրևները նպաստավոր են եղել կորնգանի համար, բայց ձմռանը ցրտահար են լինում հիմնովին։ Այնպես որ այժմ այդ փորձերը կրկնելն ավելորդ են համարում։ Նույնն է և ջրովի հողերում մշակվող առվույտի և կորնգանի նկատմամբ։

Դեմի հողերում հաջող տարիներում կորնգանը բարձրանում է մինչև 18—20 վերշոկ, իսկ առվույտը' 12—13 վերշոկ։ Երաշտ տարիներում ավելի կարճ են մնում։

Քաղում են հունիսի վերջերին։ Կորնգանը 6—10 օր ավելի շուտ են հարում, քան առվույտը։ Հարում են գերանդիներով։ Ամենից վատ տարին անգամ դեմի առվույտը մի դեսյատինից տալիս է 250 խուրձ խոտ. իսկ կորնգանը՝ մի քիչ ավելի։ ճիշտ է, ջրովի հողերում թե առվույտի և թե կորնգանի բերքն ավելի է լինում, բայց նկատված է, որ դեմի հողերում երկուսն էլ ավելի քաղցրահամ են լինում, տավարն ավելի ախորժակով է ուտում:

Բարձր սարալանջերում դեմի առվույտն ու կորնգանն ավելի լավ են կանաչում, քան ձորերում։ Սարալանջի ավազահողերում դեմի կորնգանն է լավ բերք տալիս, իսկ մի քիչ ավելի ուժեղ հողերում՝ դեմի առվույտը։