Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալով սպանել, և դրանով էլ չբավականանալով` «ոսկերքը փորեց, հանեց գերեզմանից ու գետը թափեց»[1]։ «Ղազար Փարպեցուն»[2] աղանդավոր հռչակեցին, «ոտքը բոբիկ քշեցին վանքից... նորա բոլոր ինչքը հափշտակեցին, նաև հունարեն գրքերը, թեև մարդ չկար վանքում հունարեն կարդացող»[3]։

Պամֆլետի ցասումը հասնում է իր գագաթնակետին, երբ Մ.Նալբանդյանը մեջ է բերում 1860 թ. հոկտեմբերին էջմիածնում տեսած մի դեպքը. «Արյունով մկրտվածի» պատմությունն այժմ էլ դժվար է կարդալ առանց զայրույթի։ «Մեք այդ ժպիրհ ընթացքը հոգևորների նկատեցինք նաև էջմիածնի մեջ։ Մի առավոտ սենեկիս առաջևը բարձրացած սաստիկ աղմուկից և աղաղակից ստիպված դուրս եկա պատճառն իմանալու։ Ցավելով տեսա, որ երկու ծախսարար աբեղայք ծեծել են տալիս մի քանի հայ մշակներ, այն պատճառով, որ այդ մարդիկն առանց կերակրի մնալու պայմանով չկամեին աշխատել։ Խեղճ և անպաշտպան հայերի մեջքին բավական փայտ իջուցանելուց հետո երևի թե այս հայկական ինկվիզիտորների կիրքը չէր նստել, որովհետև նոցանից մինը, Կարապետ անուն, անպատկառապես և միանգամայն կատաղած՝ ինքը սկսեց աքացի և բռնցի ջարդել, արդեն գիշատվածներից, մի խեղճ պատանի։ Քիթը֊բերանը արյունաթաթավ, մազապուր փախավ դահճի ձեռքից ողորմելի պատանին...»[4]։

Ընթերցողի ատելությունն ու ցասումը եռման աստիճանին է հասցնում վերջին տողը այն մասին, թե այդ աբեղա—գազանը, որ եղել է պատանուն մկրտողը, երկրորդ անգամ թշվառ զոհին արյունով է մկրտում։ «Այդ հոգևորականություն չէ, այլ անարգ դահճություն...»[5]։

«Թող Տերոյենցը,— բացականչում է Մ.Նալբանդյանը,— կամեցածի չափ մաշտոցի խոսքերը քաշքշի...»[6], «Ազգը հոգևորների համար չէ...»[7], «և հասարակաց բողոքը լիակատար զորություն ունի մարդասպանը, գողը, պոռնիկը, շունը, հարստահարողը եկեղեցու բեմի վերայից չքանալու համար»[8]։

***

Նալբանդյանին քաջ հայտնի էր, որ այդ մթնոլորտում դժվար է աներկյուղ մնալ։ Նա չի սարսափում բանտից ու աքսորից։ Նրան սարսափեցնում է այն «հավիտենական լռությունը», մտքի այն լեթարգիան,

  1. 29
  2. 30
  3. 31
  4. 32
  5. 33
  6. 34
  7. 35
  8. 36