Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկամուտը քիչ է, ոչ ոք չի կասկածում), այն դեպքում մեր ոչխարաբուծությունը կրկնակի օգուտ տված կլինի, թեկուզ ոչխարների թիվն էլ երկու անգամ չավելանա։

Եկամուտը կարող է կրկնապատկվել, եթե հաջողվի էժան և առատ կեր ճարել ոչխարի համար: Ընկ. Ք. Վերմիշյանը սխալ է համարում այն, որ Հողժողկոմատն «իր տնտեսական քաղաքականության մեջ գերադասությունը խոշոր անասունին է տվել», բայց ինքն էլ ընկնում է մի ուրիշ սխալի մեջ՝ ցանկալի համարելով «խոշոր եղջյուրավոր անասունների փոխարինումը մանր անասուններով»: Թվաբանական չորս գործողությունները միայն թղթի վրա են հնարավորություն տալիս 24 միլիոնի մաքուր եկամուտ խոստանալ, այն էլ այնպիսի մի երկրում, որի անասնապահության մեջ կովն ու ձին ոչ միայն կարևոր տեղ են բռնում, այլև առողջ տենդենց ունին զարգանալու։

Արմատապտուղների մշակությունը կուլտուրական անասնապահության նշաններից մեկն է։ Ինչքան մի երկրի անասնապահություն շատ է կերի բազուկ գործադրում, այնքան այդ անասնապահությունը շահավետ է, կանոնավոր։ Մեզանում այդ ուղղությամբ աշխատանք դեռ նոր է սկսվում. չի՞ ուզում արդյոք ընկ. Վերմիշյանը ոչխարաբուծությունը զարգացնել ի հաշիվ արմատապտուղների ու ցանովի խոտերի՝ խլելով այն կովից։ Իհարկե, այդ սխալ է, չնայած որ ոչխարը կովից պակաս ախորժակով չի ուտի կերի բազուկը։

Ոչխարաբուծությունը պիտի զարգացնել մեր արոտների կանոնավոր և խնամքով օգտագործելու հաշվին՝ բազուկն ու ցանովի խոտերի առավել մասը թողնելով կովին, եզան, ձիուն։

Այն շրջաններում, որտեղ պետական արոտներ կան, ոչխարաբուծության զարգացման համար պիտի առանձին հողամասեր հատկացնել տեղական բնակչությանը՝ քոչվորների հետ միասին։ Ինչ վերաբերում է ձմեռվա կերին, Հայաստանի ոչխարաբուծությունն էլ պիտի զարգանա արանի տափարակների հաշվին, ամբողջ տարին արածելով դրսում, ամառը՝ սարում, իսկ ձմեռը՝ տաք հարթավայրերում։

Զանգեզուրում ոչխարաբուծությունն ավելի շատ զարգացած է Ղափանում, որովհետև Ղափանը ձմեռային արեգունի տեղեր («գյունեյներ») ավելի շատ ունի։ Բայց Ղափանն ամենից շատ էլ օգտվում է հարևան գավառների ձմեռային արոտատեղերից։ Գորիսի շրջանում այն գյուղերը, որտեղ ավելի շատ ոչխար են պահում, ինչպես օրինակ՝