Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս աշխատանքին պիտի մասնակից անել և անասնաբույժին, եթե այդ հնարավոր է։ Գաղտնիք չէ, որ մեր անասնաբուժական պերսոնալը դեռ անասնաբուժական պրոպագանդայի չի անցել: Խմբակներում պետք է կազմակերպել մի շարք զրույցներ՝ մատչելի և ծանոթ խնդիրների շուրջը (օրինակ՝ դաբաղը, նրա բժշկությունը, ի՞նչ թերություններ ունի մեր գոմը, ինչո՞ւ լուսավոր գոմում և լավ խնամելիս՝ կովն ավելի քիչ է հիվանդանում)։

Գարնան սկզբին, վերջացնելով ձմռան զրույցները, կազմվելու է գարնան աշխատանքների ծրագիր, որտեղ զրույցների փոխարեն առաջնակարգ տեղ է գրավելու ցուցադրական աշխատանքը հենց գյուղխմբակի անդամի հողի վրա, նրա ձեռքով: Եթե ձմռան ընթացքում ագրոնոմը բացատրել է շարքացանքի առավելությունը, եթե նա իր խմբակին ծանոթացրել է շարքացանի հետ վարձակետում, գարնանը նա անպատճառ այդ գյուղացու հողի վրա պիտի շարքացանն աշխատեցնի։ Եթե «այբ» ասելուց հետո «բեն» չպիտի ասվի, ավելի լավ է՝ «այբ» էլ չասել:

Ունկնդիրներից մեկը համաձայնում է շարքացանով սերմելու, մյուսը՝ սերմացուն ախտահանելով կամ զտելով, երրորդը՝ դաշտավարության տեխնիկայի մեջ մի նորություն մտցնելով, չորրորդը՝ կանաչ պարարտացման համար ցանովի խոտ մշակելով և այլն, և այլն։ Ծով խնդիրներ կան, անչափ անելիք, միայն հարկավոր է մի քանի մատչելի խնդիրներ դնել առայժմ, այդ խնդիրները հասկանալի դարձնել ոչ թե խրճիթում կամ մոգական լապտերով[1] (իհարկե, այդ ամենից առաջ), այլ դաշտում, արոտատեղում, բոստանում, այգում, ագրոպրոպագանդայի բառերը վերածելով զրնգան ռուբլիների։

Եթե անհրաժեշտ է, պիտի վարձակետի գործիքները մատչելի դարձնել գյուղխմբակների համար, առաջին տարին գինն իջեցնելով կամ տեղ֊տեղ թեկուզ ձրի, որպեսզի նրանք մոտենան այդ գործիքներին, որպեսզի առաջին փորձը կատարվի, առաջին ճեղքը բացվի պապենական գյուղատնտեսության մեջ։ Եթե ագրոնոմն ուզում է իր շրջանում տարածի մի նոր սերմ, լինի այդ Խաթունարխի սոխ[2] թե Սուդանի խոտ[3], եթե նա պլակատներ է ցրում, կազմակերպում է խորհրդակցություններ, կռվում է վնասատուների դեմ, ցուցակագրում է, թէ ի՞նչ գործիքների կարիք ունի իր շրջանը և այլն, այդ ամռողջ աշխատանքի ընթացքում միշտ պիտի առաջ քաշել այդ խմբակներին՝ նոր սերմեր

  1. 3
  2. 4
  3. 5