Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ» ՏԱՐԱԾՄԱՆ ԱՌԹԻՎ

(Մի առաջարկ)

Մեր ամսագիրն արդեն ստեղծել է ընթերցողների որոշ կադր։ Այս տարի «Գյուղատնտեսական կյանքը» մուտք է գործել մեր հեռավոր գավառները։ Իհարկե, տեղերը, մանավանդ գավառների ագրոաշխատավորները, չեն արել այն ամենը, ինչ պետք էր ու հնարավոր՝ թերթն ավելի տարածելու համար։

Գյուղատնտեսական 2-րդ համագումարի որոշումը՝ յուրաքանչյուր գավառում առնվազն 50-ական օրինակ տարածել, շատ գավառներ դեռ չեն իրագործել։ Ագրոաշխատավորներն այդ խնդիրը մոռացության չպիտի տան։

Ամսագրի տարածման համար, մանավանդ գյուղացիական շրջաններում, պիտի նոր միջոցների դիմել: Մեր գյուղական խրճիթ-ընթերցարանները, գոնե մեծ գյուղերում, պիտի ստանան ոչ միայն ամսագիրը, այլև «Գյուղացու գրադարանի» գրքույկները։

Մի ուրիշ առաջարկ։ Անցյալ տարվա գյուղատնտեսական մրցանակաբաշխությունը ցույց տվեց, որ գյուղացիությունը մեծ հետաքրքրություն է ցույց տալիս։ Մրցանակը շահագրգռություն է առաջացնում։

Այս տարի էլ պիտի մրցանակաբաշխություն լինի, որի համար տեղերն ունեն գյուղատնտեսական հարկի 1½%-ը: Մրցանակների բաշխման ժամանակ օրինակելի գյուղական տնտեսություններին, արտելներին և կոլեկտիվներին պետք է մրցանակ տալ գյուղատնտեսական գրքույկներով, բաժանորդագրելով «Գյուղատնտեսական կյանքին» և այլն։

Գյուղացին, որ իր կովի համար ստանալու է հիսուն ռուբլի մրցանակ, հոժար կլինի ստանալ 45 ռուբլի և ամսագիրը մի տարով։

Այդ խնդրի վրա հենց այժմից պիտի ուշադրություն դարձնել, քանի մրցանակաբաշխությունը չի սկսվել։ Ամսագիրը ստանալով՝ գյուղացին կամ արտելը մի ամբողջ տարի կհետևի նորություններին, կկարդա, կաշխատի հաջորդ տարվա մրցանակաբաշխության մասնակցել։

Այդպիսով, մեր ամսագրի շուրջը կհավաքվեն մեր երկրի բոլոր օրինակելի տնտեսություններն ու կոլեկտիվները։