Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ելքը և միակ ուղիղ ճանապարհը՝ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելն է[1], որին Մ. Նալբանդյանը նվիրվում է իր ողջ էությամբ։

«Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին, նոքա յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են, նաև բռնակալների իշխանության մեջ։ Բայց այն խեղճ հայը, այն հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ և քաղցած հայը... ճնշված իր հարուստներից, իր հոգևորներից և կիսագրագետ, ուսումնական կամ փիլիսոփա ասվածներից,— ահա այն հայն ամենայն արդարացի իրավունքով գրավում է մեր ուշադրությունը և նորան դարձյալ, առանց և վայրկենական երկմտության, նվիրեցինք մեր բոլոր կարողությունը... Եվ այս նպատակին հասնելու համար չէ պիտո ընկրկենք ոչ բանտի և ոչ աքսորի առջև, ոչ միայն բանիվ և գրչով, այլև զենքով և արյունով, եթե մի օր արժանի լինինք զենք առնուլ մեր ձեռքը և մինչև այժմ քարոզած ազատությունը նվիրել և սրբել մեր արյունով...»[2]:

***

Այսպես է իր դիրքը որոշում Միք. Նալբանդյանը «Երկու տողում»։ Շատ կարճ ժամանակից հետո պամֆլետագիրը Պետրոպավլովսկի բերդում առիթ է ունենում մի անգամ էլ ապացուցելու, որ «հարստահարվածը, աղքատն ու մերկը» իր սրտին ավելի մոտ են, քան թե բռնակալների իշխանությունն ու հարուստների արծաթյա թումբերը։

Մոտ յոթանասուն տարի է անցել այն օրից, երբ Մ. Նալբանդյանը գրել է իր պամֆլետը, նրա գնահատականը եկեղեցու և կրոնի մասին մեզ ոչ մի դեպքում բավարարել չեն կարող։ Պամֆլետագրի լեզվով ասած՝ «անդարձ կերպով անցան այն ժամանակները», երբ պայքարը տարվում էր եկեղեցականների և ոչ թե կրոնի դեմ, երբ եկեղեցու «ոտից մինչև գլուխ ռեֆորմի» խնդիրն էր դրված։

Այժմ եկեղեցին հակահեղափոխության ֆրոնտում կարևոր մարտկոց է։ Մ. նալբանդյանի «հարստահարվածի, մերկի և աղքատի» շահը պահանջում է կրոնի ու եկեղեցու իսպառ վերացումը։ Իհարկե, ոչ մի աբեղա այժմ չի հանդգնի մշակին «արյունով մկրտելու»։ Բայց մնում է դեռ պայքարն՝ իսպառ անհետացնելու աբեղային էլ, նրա

  1. 41
  2. 42