Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղի գոմն է և նրա գլխավոր պակասը` ցուրտ լինելը, այնինչ մեզանում գլխավոր պակասը գոմի մութ լինելն է։ Թեկուզ հեղինակը նպատակ է դրել միայն կովի կերակրման մասին պատմելու, բայց այս գլուխը կարծես շեշտում է այն, որ գիրքն ավելի լրիվ ձեռնարկ կլիներ, եթե մի քիչ ավելի ասվեր խնամքի մասին։

Գրքում սպրդված են մի քանի անհարթություններ. անհաջող բառ է «տնտեսատեր», « գարունքահուն»։ Սննդարար նյութերը բաժանելով սպիտակուց պարունակող և ոչ սպիտակուցային նյութերի և թվելով այդ նյութերը, աrանձին է մնացել «փայտանյութը», պարզ չի, թե փայտանյութն այդ երկու տեսակից որի՛ն է պատկանում։ Անորոշ է և այս նախադասությունը. «կրծի կաթ պատրաստելու ընդունակությունը չի սահմանափակվում ա'յն քանակի կաթ արտադրելով, ինչքան որ պետք է hորթին՝ նոր ծնված ժամանակ» (եր. 13), կամ՝ «սպիտակուց պարունակելու տեսակետից ամենաաղքատ կերը դարմանն է, որի մեջ սպիտակուցը 20—25 անգամ պակաս է ոչ սպիտակուցային նյութերից» (եր. 19)։


Շատ անորոշ է՝ «քուսպ», և այդ՝ ոչ միայն այն պատճառով, որ «կոպտոնին» մեր մի շարք գավառներում «քուսպ» են ասում, այլև գրքում «քուսպ» մերթ որպես «գարեջրի քամած մնացորդ» է (եր. 19), մերթ էլ որպես «կոպտոն»։ Կերի բաղադրության աղյուսակում կա «կարմիր երեքնուկի» և «կապույտ առվույտի» բաղադրությունը օսլային համարժեքով, բայց չկա մեզանում շատ ընդունված կորնգանը։ Մի ուրիշ դիտողություն. հարկավոր է ընդմիշտ վերջ տալ անունների խայտաբղետության, որպիսին նկատվում է թե մեր գրքերում և թե գյուղատնտեսական պարբերական մամուլում: Կարծես՝ ընդունված է «կերի բազուկը», բայց այս գրքում գործ է ածվում «ճակնդեղ»։ Մենք ասում ենք՝ «անարատ կաթ» և ոչ «անաղարտ»։

Իհարկե, այս մանր թերությունները շատ չեն պակասեցնում գրքի արժեքը։ Գրքույկի լեզուն պարզ է, հրատարակությունը՝ խնամքով։ Մեզ մնում է ցանկանալ, որ մեր գյուղատնտեսության զանազան ճյուղերի վերաբերյալ ևս «Գյուղացու գրադարանը» տա նման գրքեր։ Իսկ այս գիրքը հարկավոր է տարածել, հասցնել մեր ամենախուլ գյուղերն անգամ։ Նյութի ամփոփ դասավորումը, համոզիչ բացատրությունն ու հարուստ բովանդակությունն արդեն գրավական են, որ այս գիրքը հաջողությամբ, որպես օժանդակ ձեռնարկ կարող է դառնալ մեր գյուղական ինտելիգենցիայի և գրագետ գյուղացու համար։