Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«նանին» ու նրա ճաքած դաշտը սեպարատորից և գիտուն կով կթողից։ Հիմա էլ դեռ թքում են կրծի պտուկներին և ապա կթում, չիմանալով որ հենց իրենք են պատճառ դառնում կաթի շաղման։ Հաճախ կարելի է գյուղերում տեսնել, թե ինչպես մեր մուժիկը դագանակով լղար կովի կողքաճաղերին է հարվածում և գանգատվում, որ կովը կաթ չի տալիս։ Բայց վաղուց է ապացուցված, որ «կովի հետ պիտի վարվել չափազանց քնքուշ ու մեղմ, կոշտ ու կոպիտ վերաբերմունքը հակառակ հետևանք է տալիս. կովը կաթը պահում է, էլ չի տալիս» (եր. 25)։

Գրքույկի վերջում զետեղած աղյուսակները հեշտացնում են գրքից օգտվելը, տալով պատրաստի թվեր ջերմաչափերի համեմատությամբ՝ մի ֆունտ կարագը քանի ֆունտ կաթից ստանալու մասին և այլն։

Մատչելի լինելու ցանկությունը պատճառ է դարձել մի քանի անճշտությունների։ Ընդհանրապես, ժողովրդին հասկանալի լեզվով գիրք գրելը և այն էլ գիտական հիմունքներ մեկնաբանող գիրք, դյուրին չէ։ 9-րդ երեսում, որտեղ հեղինակը խոսում է ալբումինի մասին, ասված է. «Երբ որ նոր են սկսում կաթը տաքացնել, կաթի երեսն սկզբում բռնվում է մի բարակ փառով կամ թաղանթով։ Շատերը այդ թաղանթին սեր են ասում, բայց դա իրոք ոչ թե սեր է, այլ մեծ մասամբ կազմված է ալբումինից»։ Անգամ այդ դեպքումն էլ, թեկուզ ալբումին էլ լինի, գյուղացին սեր է ասում։ Բանն այն է, որ հանրածանոթ բառը, որ գիտական հասկացողություն չէ, հակադրվում է կաթի մեջ եղած քիմիական մի միության։

Գրքի պակասներից մեկն էլ վրիպակների շատ լինելն է։ Թեկուզ գիրքը խնամքով է կազմված, բայց այնպիսի խնամքով տպագրված չէ։ Գրքի վերջին թերթը վրիպակներ են, որ պիտի «ուղղել կարդալուց առաջ»։ Մենք այնպես ենք վարժվել այդ վրիպակներին, որ առանց նրանց հայերեն տպած գիրքը օտարոտի է թվում։ Վրիպակներ չպիտի լինեն մանավանդ գյուղացիների ընթերցանության գրքերում։ Նրանք նոր են կարդում, հազիվ են սովորել մտքերն իրար կապել, և մի հասարակ վրիպակը կարող է ամբողջ պարբերությունն անիմաստ դարձնել։

Այս ձեռնարկը ոչ միայն ընթերցանության գիրք է և օժանդակ ուղեցույց մեր կաթնարտելների և գրագետ անասնապահների համար, այլև դասագիրք՝ գյուղատնտեսական ստորին դպրոցների համար, որոնք ամենից շատ կարիք ունեն նման գործնական ձեռնարկների։