Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆոնդը, հողերի տեսքերը և անպատճառ մասնակցեն հողաշինարարության։

Այնքան, որքան գավառի ագրոնոմը հողային բաժինների աշխատակիցն է համարվում, իհարկե, նա որոշ մասնակցություն ցույց է տալիս, բայց այդ մասնակցությունը փորձագետի դերից այն կողմը չի անցնում։ Եթե մի գյուղում հողային, կատեգորիաների շուրջը վեճ է ծագում, անհրաժեշտ է լինում մասնագետի ներկայությունը, ուղարկում են ագրոնոմին, որը տեղական զննությունից հետո իր կարծիքն է հայտնում այս կամ այն հողամասի որակի և պիտանիության մասին։ Եթե համայնքը հողերի մի մասը որոշում է վայր դնել որպես անպետք հող, երբեմն այդ հողամասի հատկության մասին իր կարծիքն է հայտնում փորձագետ ագրոնոմը։

Իհարկե, այսքանը քիչ է. փորձագետ դառնալով՝ ագրոնոմը հողաշինարարությանը չի մասնակցում։ Մատների վրա կարելի է թվել այն դեպքերը, երբ ագրոնոմը մասնակցել է հողերի տեսքերի որոշման։ Եվ այդ թվարկման ժամանակ նույն մատները երկրորդ անգամ դժվար թե հարկ լինի հաշվել։

Ի՞նչ է ստացվում. լավագույն դեպքում՝ կուրյոզներ։ Մոգական լապտերով դանիական կաթնատնտեսությունից է խոսում ագրոնոմն այնպիսի գյուղերում, որտեղ լավ տարիներում անգամ կովը երեք ամսվա կեր ունի և որտեղ հողաշինարարության ընթացքում ամենից առաջ այդ խնդիրը պիտի լուծել և ապա՝ ցուցադրական կերակրում կազմակերպել։ Դաշտավարության նոր ձևերի շուրջը նույնիսկ ցուցադրական դաշտ են կազմակերպում այն գյուղում, որի տնտեսությունը միայն մի ձևով կարելի է բարձրացնել՝ գյուղը տեղահան անելով, մասնատելով, տեղում թողնելով գյուղի մի փոքր մասը, իսկ մնացածն ուրիշ, ավելի հողառատ շրջաններ գաղթեցնելով։

Այդ գյուղերում իզուր են կորչում ագրոնոմի աշխատանքը, նրա զրույցներն ու կերակրումները, նկարներն ու պլակատները։ Հողաշինարարության ընթացքում պարզվում են և ուրիշ երևույթներ։ Մի քանի դասախոսություններ են կազմակերպել դաշտավարության շուրջը, այդ գյուղը գավագրոնոմի քարտեզի վրա նշված է որպես հացաբույսերի մշակությամբ պարապող գյուղ, մի քանի տարի թմբկահարում են նորագույն տեխնիկայի, մշակության նոր ձևերի մասին, բայց այդ ճանապարհի կողքով գյուղն իր ուղին է բաց անում, որը տանում է դեպի