Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անասնապահություն, նույնիսկ դեպի նրա մի նեղ ճյուղը` կաթնատնտեսություն, ոչխարապահություն և այլն: Մոռացված է մի չնչին հանգամանք. նոր հողաբաժանման ընթացքում յուղը ձմեռային արոտներ է ստացել, աստիճանաբար թողնում է վարելահողերը, վերածում խոտատեղի:

Անեկդոտի պես է դարձել Գյոյ֊Հումբեթի[1] պատմությունը: Այդ գյուղի հողերը, ջրային պայմանները հնարավորություն են ստեղծել հողի բերքն ավելացնելու։ Եվ գյուղը տարեցտարի ավելացնում է մի դեսյատինից ստացած բերքի քանակը։ Մեր երիտասարդ ագրոնոմներից մեկն իր քարոզի ընթացքում խոսելով բամբակի շարքացանի առավելության և ուրիշ երևելի նորությունների մասին, ճառը վերջացնում է այն խոստումով, թե այդ բոլորը կիրառելուց՝ մի դեսյատինից կարելի է ստանալ մինչև 50 փութ բամբակ։ Զարմացած գյուղացիք հայտնում են, որ այդ ամենը պետք չեն իրենց, քանի որ իրենք արդեն 100—120 փութ են ստանում։ Երիտասարդին մնում է տպավորությունը կոծկել... կշռաքարերի տարբերությամբ։

Եթե այս անեկդոտ է, անեկդոտ չեն այն հաճախակի դեպքերը, երբ մեղվապահության զարգացումն ամենևին չի կապվում ցանովի խոտերի մշակության հետ, իսկ այս վերջինը՝ գյուղի հողաշինարարության հետ:

Այս խնդիրը հասունացել է: Մեր կյանքն առաջադրում է նոր խնդիրներ. հողաշինարարությունը գնալով ավելի խորանում և ընդգրկում է գյուղացու տնտեսությունը, նրա համար նոր հիմք դնում։ Մեր ագրոնոմը պիտի պատրաստ լինի այս խնդիրների լուծմանը մասնակցելու։ Եթե մենք ունենք այժմ հողաչափ֊հողաշինարարներ, որոնք հասարակ հողաբաժանումից բացի հողակտորների թիվն են որոշում, հողացրվածությունը վերացնում, նշանակում դաշտերի թիվը, նոր գյուղը հատակագծում, հողաշինարարությունը հարմարեցնում ջրային ռեժիմին և այլն, պիտի ունենալ և ագրոնոմ֊հողաշինարար, հողաշինարարության գյուղատնտեսական կողմը ղեկավարող մասնագետ։

Նոր գյուղեր հիմնելիս, համարյա թե միշտ՝ հնարավորություն է լինում հենց այս գլխից որոշելու, թե քանի՛ դաշտ պիտի ունենա ամեն մի տնտեսություն, դաշտերի ինչպիսի՛ հաջորդականություն պիտի լինի և այլն։ Այդ գործում ագրոնոմն անհրաժեշտորեն պիտի մասնակցի, նրա աշխատանքը նոր գյուղեր հիմնելիս հրամայական է։

  1. 1