Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավազոտ հողերում մշակված կարտոֆիլն ավելի դիմացկուն է և լավ սերմացու է տալիս, քան մյուս տեսակի հողերում մշակված կարտոֆիլը։ Բայց ավազահողում կարտոֆիլը շատ բերք և մեծ պալարներ չի տալիս։ Այդ է պատճառը, որ ավազահողում մշակած կարտոֆիլը լավ սերմացու է տալիս, որովհետև լավ սերմացուն պիտի միջին մեծության՝ հավի ձվի չափ լինի։

Ուժեղ և պարարտ հողերում կարտոֆիլն առատ բերք է տալիսՙ Բայց քիչ է պատահում, որ այդպիսի հողերը հատկացնեն կարտոֆիլի մշակության։ Ուժեղ հողերը, օրինակ՝ սևահողերը, չորային տարիներում ճաքճքվում են, և կարտոֆիլը ջրի պակասից վնասվում է։ Լավ մշակելով, ժամանակին ջրելով ու բուկը լցնելով՝ այդ հողերից կարելի է շատ առատ բերք ստանալ։

Կավա֊ավազահողերը կարտոֆիլի մշակության համար շատ լավ են։ Ծանր կավային հողերից, եթե մանավանդ այդ հողերը գտնվում են ցածր և խոնավ տեղերում, թեև լավ բերք է ստացվում, բայց հաճախ կարտոֆիլը հիվանդանում է։

Մեր գյուղերում կարտոֆիլը մեծ մասամբ մշակում են բանջարանոցներում, և եղած աղբով առաջին հերթին պարարտացնում են գյուղի մոտ գտնվող այդ հողերը։

Կարտոֆիլն ինչպիսի հողերում էլ ցանելու լինենք, հողը խնամքով մշակելուց շատ բան է կախված։ Եթե հողը ժամանակին և լավ չմշակենք, սպասած բերքը չենք ստանա, նույնիսկ հողը պարարտ լինելու և շատ սննդարար նյութեր ունենալու դեպքում։

Կոշտ, վատ մշակած ու չփխրացրած հողերի մեջ օդ չի մտնում կամ, ուրիշ խոսքով, հողը չի հողմնահարվում, իսկ հողմնահարությունը մեծ նշանակություն ունի։ Հողմնահարոլթյամբ հողը լավ քայքայվում, փշրվում է. նրա միջի սննդարար նյութերը հեշտությամբ են լուծվում ջրի մեջ, իսկ մենք գիտենք, որ ինչքան շատ և հեշտ լուծվեն հողի սննդարար նյութերը, բույսն այնքան ավելի նյութեր կստանա և առատ բերք կտա։ Բացի դրանից, բույսերի արմատներն էլ օդի կարիք ունեն, և ինչքան օդն առատ լինի հողի մեջ, բույսն այնքան փարթամ կլինի։ Ահա այս պատճառներով է, որ հողի մշակության վրա պետք է առանձին ուշադրություն դարձնել։

Վերևում ասացինք, որ բացի լավ վարելուց, անհրաժեշտ է նաև, որ վարը ժամանակին արվի։ Վարի ժամանակը կախված է հողից և