Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կլիմայից։ Եթե հողը խոնավություն շատ ունի, և անձրևներ շատ են լինում, կարելի է վարն անել գարնանը, իսկ եթե հողը չոր է և անձրևները՝ պակաս, այն ժամանակ ինչքան շուտ վարենք հողը, այնքան լավ։ Մեզ մոտ համարյա բոլոր շրջաններում ջրի պակասություն է զգացվում, և փորձը ցույց է տվել, որ հողն աշնանը վարելու դեպքում կարտոֆիլի բերքը շատ է ավելանում։ Աշնան վարից հետո հողն ավելի է փափկում, խոնավություն հավաքում, այդ դեպքում հողի մեջ եղած դժվարամարս նյութերն սկսում են քայքայվել, որովհետև օդը հողի մեջ մտնելով նպաստում է, որ այդ նյութերը դյուրամարս դառնան։

Կարտոֆիլի համար, մանավանդ ծանր հողերը, պետք է խոր վարել։ Աշնան անձրևներից և ձմռան ձյուներից գոյացած ջրերն այդ դեպքում ավելի խորն են ծծվում հողի մեջ և օգտակար դառնում կարտոֆիլի համար։

Խոնավ տեղերում խոր վարը կարող է օգուտ չտալ, որովհետև այդպիսի հողերում առանց այն էլ խոնավությունը շատ է, և վերին շերտի տակ եղած թացությունը վնասում է կարտոֆիլին։

Չորային տեղերում աշնանը խոր վարած հողերը գարնան սկզբին պետք է մի անգամ էլ երեսանց թեթև վարել, որպեսզի հողի մեջ եղած խոնավությունը չգոլորշիանա ու չկորչի զուր տեղը։ Շատ օգտակար է կարտոֆիլը սերմելուց առաջ մի անգամ հողը փոցխել։ Այդ հա՛մ հողն է փխրացնում, հա՛մ էլ ոչնչացնում է վաղ գարնան ծլած մոլախոտերը (ժանգյալ, ալաղ)։

Կարտոֆիլ մշակողի գլխավոր աշխատանքը պետք է լինի, որքան կարելի է, խոր վարել հողը, որպեսզի կարտոֆիլի սերմացուն փխրուն հողի մեջ ընկնի։

Պարարտ սևահողում կամ գոմաղբով պարարտացրած հողում կարելի է մի քանի տարի իրար ետևից կարտոֆիլ մշակել և լավ բերք ստանալ։ Հայտնի են դեպքեր, երբ մի քանի տարի շարունակ նույն հողում մշակել են կարտոֆիլ և լավ բերք են ստացել։ Շատ անգամ նույն հողում մի քանի տարի կարտոֆիլ մշակելը հնարավոր չի լինում, որովհետև կարտոֆիլն սկսում է հիվանդանալ և «չախկան» տալիս է։ Դրա համար էլ անհրաժեշտ է կարտոֆիլի տեղը փոխել, որպեսզի նորից չհիվանդանա։

Առհասարակ, կարտոֆիլի տեղը մշակելու ժամանակ չորային տեղերում ամբողջ հոգսը պիտի լինի, որքան կարելի է, շատ խոնավություն