Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խառնաղբը թե՛ հեշտ է պատրաստել և թե՛ շատ էլ օգուտ է տալիս։ Խառնաղբը հավաքելու համար հարկավոր է բակում ընտրել քամուց ազատ մի տեղ, այդ տեղում գետնի վրա մի թիզ հաստությամբ շաղ տալ չոր սևահող։ Այդ հողի վրա պետք է թափել տերևներ (խազալ), զանազան բույսերի ցողուններ, մոխիր, տունը և բակը սրբելուց գոյացած աղբն ու զիբիլը և զանազան կլեպներ, լվացքի ջուր, մի խոսքով՝ այն բոլորը, ինչ որ դուրս են թափում։

Հենց որ խառնաղբի կույտի բարձրությունը մի քառորդ արշինի հասնի, վրան նորից հողի շերտ պիտի ածել և նորից զիբիլ ու աղբ թափել։ Այդպես շերտ֊շերտ իրար վրա դարսելով՝ խառնաղբի կույտի բարձրությունը կարելի է հասցնել մինչև մի սաժենի։ Մեր ամեն մի գյուղական տնտեսություն այդպիսի մի քանի կույտ խառնաղբ կարող է պատրաստել ամբողջ տարվա ընթացքում։ Երբեք չպիտի մոռանալ, որ խառնաղբն էլ գոմաղբի պես ուժեղ պարարտանյութ է, որ մեզանում իզուր տեղը կորչում ու փչանում է։ Ուրիշ երկրներում գյուղացին աշխատում է հավի մի փետուրից էլ օգուտ ստանալ, իսկ մեզանում զիբիլը կամ տան առաջ է հոտում, կամ ձորերը թափվում։

Կարտոֆիլի տեղը կարելի է պարարտացնել և մոխրով։ Մի դեսյատինի համար հարկավոր է 50—60 փութ մոխիր։ Ավազահողերում մոխիրն ավելի լավ է ազդում կարտոֆիլի բերքի վրա։ Պատահել են դեպքեր, երբ մոխրով պարարտացնելուց հետո կարտոֆիլի բերքը մի քանի անգամ ավելացել է։

Եթե պարարտանյութը քիչ է, ավելի լավ է շաղ տալ ո՛չ թե ամբողջ դաշտում, այլ կարտոֆիլի բներում։ Այդ դեպքում պարարտանյութն անպատճառ (մանավանդ մոխիրը) պիտի հողի հետ խառնել, թե չէ՝ կարտոֆիլը կվնասվի։

3. ՍԵՐՄԱՑՈԻՆ

Կուլտուրական բույսերը մեծ մասամբ սերմերով են բազմացնում, ինչպես օրինակ՝ ցորենը, գարին, կորնգանը, լոբին և այլն։

Կարտոֆիլը պալարապտուղ բույս է, և, որպես սերմացու, գործ են ածվում նրա պալարները։

Պալարները գետնի տակ գտնվող ցողուններն են, միայն ավելի հաստացած ու պիտանի նյութերով հարուստ։ Բացի պալարներից, կարտոֆիլը տալիս է նաև պտուղ, որի մեջ կան սերմեր։ Կարելի է կարտոֆիլը