Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեծ պալարներ սերմելը ձեռնտու չի, որովհետև սերմացու շատ կգնա: Շատ փոքր սերմացուն էլ ձեռնտու չի, որովհետև նրանից թույլ բույս է առաջ գալիս, և լավ բերք չի ստացվում։

Կարտոֆիլը կարելի է սերմել թե՛ ամբողջ պալարներով (սաղ֊սաղ) և թե՛ կտրած, եթե նրանք շատ են մեծ: Պալարները կտրելուց հետո պետք է մոխրի կամ կավի մեջ թաթախել, որպեսզի պալարի կտրած տեղը լավ ծածկվի։ Եթե կտրած տեղը մոխրով կամ կավով չթաթախենք, հատվածը մինչև ծիլեր տալը հողի մեջ կփտի։

Պալարի վերի մասում ավելի շատ աչքեր կան, քան ներքևի մասում։ Վերի մասի աչքերն ուղիղ արմատներ են տալիս, չնայած որ ավելի փոքր են ներքևի աչքերից: Կարտոֆիլի պալարի վերևի մասն ավելի ջահել է ներքևի մասից:

Այդ պատճառով էլ եթե մենք միայն պալարի վերի մասը սերմենք, համարյա այնքան բերք կստանանք, ինչքան կստանայինք ամբողջ պալարն առանց կտրելու սերմելիս: Շատ անգամ այդպես էլ անում են. սերմում են միայն վերի մասը, իսկ ներքևի մասը թողնում են ուտելու համար: Եթե պալարները մեծ են, լավ կլինի կիսել և այնպես սերմել։ Սերմացու կարտոֆիլը կիսում են երկարությամբ, այնպես որ ամեն մի կեսի վրա լինեն թե՛ վերևի և թե՛ ներքևի աչքերից։

Կարտոֆիլի սերմացուն պետք է ջոկել հենց աշնան բերքը ժողովելու ժամանակ:

Սերմացվի ընտրությունն ուշի֊ուշով պիտի անել: Եթե բերքը հավաքելիս մի թուփ աչքի է ընկել իր բերքի առատությամբ կամ պալարների մեծությամբ, սերմացուն ամենից առաջ այդպիսիներից պիտի ջոկել: Եթե տարեցտարի բերքը հավաքելու ժամանակ հետևենք և շատ բերք տվող թփերից ջոկենք, մենք կարող ենք կարճ ժամանակում լավ բերք տվող կարտոֆիլի սերմացու ունենալ և միշտ էլ լավ բերք ստանալ։

4. ՍԵՐՄԵԼԸ ԵՎ ԲՈԻԿ ԼՑՆԵԼԸ

Մեր գյուղերում կարտոֆիլը մշակում են կա՛մ բանջարանոցում, կա՛մ էլ գյուղի մոտակա ջրովի հողերում։ Սերմել կարելի է կա՛մ առանձին օջախներով (տներով), կա՛մ կանոնավոր շարքերով։ Օջախներով պետք է այնպես սերմել, որ ամեն մի հետևյալ շարքի օջախները կամ տներն ընկնեն առաջին շարքի 2 օջախի արանքում։ Եթե կարտոֆիլի