Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անձրևային տարիներին Գերմանիայի գյուղացին կարտոֆիլի ցողունները չորացնում է հատուկ ծածկոցների տակ. կնշանակի, օգուտ կա կարտոֆիլի ցողունով տավարին կերակրելուց, որ Գերմանիայի գյուղացին առանձին ծածկոց է շինել։

Կարտոֆիլի պալարները մեր գյուղացու սիրած ուտելիքներից են. պալարները եփում են կամ կերակուրի հետ խառնում։ Մենք ասացինք, որ սովի ժամանակ շատ երկրներում կարտոֆիլն է փրկել գյուղացիներին:

Կարտոֆիլից պատրաստում են նաև ալյուր։ Մի փութ կարտոֆիլը տալիս է մոտ 4 ֆունտ ալյուր, որից զանազան ուտելիքներ են պատրաստում։

Կարտոֆիլով կերակրում են և անասուններին։ Գերմանիայի գյուղացին նույնիսկ ձիուն է կարտոֆիլ տալիս։ Սխալ են նրանք, ովքեր կարծում են, թե լծկան անասուններին կարտոֆիլ չի կարելի տալ, որովհետև նրանք ծանր աշխատանք են կատարում։ Իհարկե, միայն կարտոֆիլով չի կարելի շարունակ կերակրել։ Կարտոֆիլի հետ տալիս են խոտ, դարման, գարի և այլն։ Սովորաբար, կարտոֆիլը կիսաեփ են անում, հետո անասուններին կերակրում, որովհետև հում կարտոֆիլը դժվար է մարսվում։

Կովերին կարտոֆիլով կերակրելուց հետո կաթի քանակն ավելանում է: Նկատված է, որ յուղն էլ ավելանում է։ Մի կովին օրական կես փութից մինչև մի փութ կարտոֆիլ են տալիս։

Կարտոֆիլով կերակրում են նաև խոզերին։ Մեզանում կարտոֆիլը համեմատաբար աժան է. շրջաններ կան, որտեղ փութը ծախվում է 30 — 40 կոպ. և նույնիսկ ավելի աժան։

Կան կարտոֆիլի տեսակներ, որոնք ցանվում են հատկապես անասուններին կերակրելու համար. կարտոֆիլի այդ տեսակները շատ բերք են տալիս։ Կան երկրներ, որտեղ մեկ դեսյատինից ստանում են մինչև 3000 փութ կերի կարտոֆիլ։

Բացի այդ բոլորից, կարտոֆիլից ստանում են նաև օսլա (կրախմալ) և օղի ու սպիրտ են քաշում։

Այս բոլորից երևում է, թե ինչքան օգտակար է կարտոֆիլի մշակությունը, իսկ մեր գյուղացու տնտեսության մեջ նրա առավելությունները շատ են։