Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործիքներ, կառուցել տուն ու գոմ, մարագ ու պանրի գործարան, մի խոսքով՝ կեղտոտ, ավերակ գյուղն իր քարակույտերով և հարյուր տարվա աղբանոցներով վերացնել և տեղը հիմնել բարեկարգ, շեն և գեղեցիկ բնակավայր։

***

Խոտորջուրի կոմունան ունի իր կանոնադրությունը, որ ընդունվել և հաստատվել է հիմնադիր անդամների առաջին ժողովում։ Ամեն մարդ էլ կարող է անդամ լինել կոմունային։ Ո՛չ ազգությունը, ո՛չ լեզուն և ո՛չ էլ սեռը չեն կարող արգելք լինել կոմունայի մեջ մտնելուն։ Հարկավոր է միայն առողջ մարդ լինել (կոմունան հիվանդների չի ընդունում) և կատարել այն բոլորը, ինչ որ գրված է կանոնադրության մեջ։

Այժմ տեսնենք, թե ո՛վ է կառավարում կոմունային, ի՛նչպես է գնում նրանց ամենօրյա աշխատանքը, ո՛վ է նրանցից յուրաքանչյուրին գործի դնում և հսկում կատարած աշխատանքին։

Ամեն տարվա սկզբին կոմունարների ընդհանուր ժողովն ընտրում է կոմունայի խորհուրդ մի տարով, հինգ հոգուց բաղկացած։ Տարվա ընթացքում կոմունային ղեկավարում, նրա անունից դիմումներ է անում այդ խորհուրդը, որն իր միջից ընտրում է նախագահ և գանձապահ-տնտես, որին և հանձնվում է կոմունայի ամբողջ հաշվապահությունը, նրա ելքն ու մուտքը, եկամուտն ու ծախքերը։ Տարեվերջին խորհուրդը հաշիվ է տալիս, թե ինչքան է օգուտ արել, ի՛նչ աշխատանքներ է արել, քանի՛ նոր անդամ է ընդունել և այլն։ Ը

նդհանուր ժողովներ լինում են տարին մի քանի անգամ։ Գարունը բացվելուն պես, երբ դաշտային աշխատանքներն են սկսում, կամ թե՝ նոր անդամ ընդունելու համար, ներքին կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու համար երբեմն գումարվում են ընդհանուր ժողովներ, որին մասնակցում են 16 տարին լրացրած բոլոր կոմունարները։

Ամեն երեկո խորհուրդը մշակում է վաղվա աշխատանքների ծրագիրը, ամեն մի կոմունարի անելիքը որոշում և հայտարարում։ Կա մի մատյան, որտեղ յուրաքանչյուրի աշխատանքը գրանցվում է, այնպես որ ամեն ժամանակ կարելի է ստուգել, թե ո՛վ ի՛նչքան է աշխատել։

Երբեք կարիք չի լինում ստուգելու, թե այս կամ այն կոմունարը կատարե՞լ է իրեն հանձնած աշխատանքը, թե՞ ոչէ Արդեն օրվա մեջ այդ հայտնի է։ Եթե մեկին հանձնարարում են խոտ կրել սայլով, չկրելու դեպքում