Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լծկանների ու կթանների թիվը, ձեռք են բերել նոր գործիքներ, նոր կառուցումներ են արել։

1925 թ. կոմունան ունեցել է 34 անդամ, մի տարի հետո՝ 50, իսկ այս տարի կոմունայում ապրում են մոտ 80 կին, երեխա և տղամարդ։ Այժմ կոմունան ունի 78 կթի լավ կով, 10 եզ, 9 բուղա, 28 հորթ, 11 ձի և քուռակ, 46 ոչխար, 8 խոզ, 150 հավ, սագ և բադ և 15 ճագար։

Այս բոլորն ձեռք են բերված թե՛ կոմունարների անձնական աշխատանքով և թե՛ այն վարկերով, որ կոմունան ստացել է պետական զանազան հիմնարկներից։ Սակայն վարկով ձեռք բերածը շատ քիչ է, մեծ մասն իրենց միջոցներով են ձեռք բերել։

Կոմունայի կանոնադրության համաձայն՝ կոմունայի և ոչ մի անդամ իրավունք չունի սեփականություն ունենալու կոմունա մանելուց հետո։ Ամեն մարդ իր ուժի և ունեցածի չափ պետք է օգնի կոմունային։ Դրա համար էլ կոմունային անդամ գրվողն իր հետ բերում է իր ունեցած֊չունեցածը և նվիրում կոմունային։ Մեկը կանխիկ փող է բերում, մյուսը՝ իր բազուկները, արհեստավորն իր կարի մեքենան և այլն։ Ահա այդ բոլոր միջոցների շնորհիվ է, որ կոմունան հարստացել և կարճ ժամանակում այդպիսի տնտեսության տեր է դարձել։

Բացի անասուններից և օրինակելի մեղվանոցից, կոմունան ունի 4 մեծ և մի փոքր սայլ, 8 գութան, 3 փոցխ, մի շարքացան և մի խոտ քաղող մեքենա, քամհար, բահեր և այլ մանր գործիքներ։ Բացի այդ, ունի պանրի և յուղի մի փոքրիկ գործարան, իր սեպարատորներով, յուղահան խնոցիով և այլն։

Գյուղատնտեսական աշխատանքները կատարվում են ոչ թե պապենական հին ձևերով, այլ գիտության խոսքի համեմատ, առաջավոր երկրների օրինակով։ Կոմունան է առաջին անգամ Միսխանեի ձորում մեքենայով խոտ հարել։ Պետք էր տեսնել, թե ի՜նչ բազմություն էր հավաքվել այն օրը, երբ առաջին անգամ մեքենան դուրս էին հանում, ի՜նչպիսի գովեստներ էին անում կոմունարների հասցեին։

Նրանց բոլոր անասունները խնամվում և պահպանվում են շատ ավելի լավ, քան հարևան գյուղերում, որտեղ նույն խոտն ու ջուրը կա։ Կոմունայի կովերը տեղական կովեր են, գնել են մեծ մասամբ հարևան գյուղերից։ Սակայն երկու տարվա օրինավոր խնամքն ու կերը կովերին էլ են փոխել։ Տեսնողն այնպես է կարծում, թե նրանք ցեղական կովեր են։