Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցյալ տարվա ժանտախտին կոմունայի և ոչ մի կովը չսատկեց, այն ժամանակ, երբ ձորի բոլոր գյուղերումն էլ ժանտախտից անասունները սատկոտում էին։

Կոմունան միշտ էլ մասնակցում է շրջանի գյուղատնտեսական ցուցահանդեսներին։ Նրանց կովերն ու ձիերը աչքի են ընկնում։ Կոմունան մի անգամ ստացել է առաջին մրցանակ, իսկ երկրորդ անգամ՝ գովասանական թերթ[1]։

Որպեսզի շրջանի գյուղացիությանն օգնություն ցույց տան, կոմունարները որոշել են տարեցտարի ստեղծել անասնաբուծարան և ձորի գյուղերին տալ ընտիր հորթեր, բուղաներ և կովեր։ Այդ աշխատանքը ծրագրված ձևով տանելու դեպքում Միսխանեի ձորը կդառնա Հայաստանի անասնապահական օրինակելի շրջաններից մեկը։

Կոմունարները տեղի պայմաններին շատ համեմատ տնտեսություն են սկսել։ Լեռան լանջերի առատ խոտը, ինչպես և ամառային արոտները, որ գտնվում են կոմունայից վերև ընկնող տափարակի վրա, որից 500 դես․ հատկացված է կոմունային, վերջապես՝ մթերքների վերամշակման և ժամանակին սպառելու հնարավորությունը, կոմունայի խորհրդին ստիպել են զարկ տալու անասնապահությանը և, հատկապես, կաթնատնտեսությանը։

Պետությունից ստացած արոտներում կոմունան որոշել է ցանել արհեստական խոտեր՝ բերքը ավելի շատացնելու համար, ինչպես և ոչնչացնել այն մոլախոտերը, որոնք արոտների անխնամ թողնելու հետևանքով տարեցտարի շատանում և պիտանի խոտերին խեղդում են։ Արոտների բարելավման աշխատանքին առաջին անգամ Խոտորջուրի կոմունան պիտի ձեռնամուխ լինի։

Ձորում առաջին անգամ կերի բազուկ ցանողը դարձյալ կոմունան է եղել։ Չբավականանալով բնական խոտով՝ կոմունարներն իրենց դաշտում ցանել են և կորնգան ու յոնջա։ Հացաբույսերի մշակությամբ զբաղվելու տեղ չի Միսխանեն. լավ տարին գուցե գարին հաջող բերք տա։ Այդ նպատակով էլ կոմունարները խուսափում են ցորեն ցանելուց և գերադասում են շուկայում գնել, փոխանակելով յուղ ու պանրի հետ:

Շատ շքեղ է և հարուստ կոմունայի բոստանը։ Նույն ջուրն ու հողն ունեցող հարևան գյուղը սոխ էլ չի ցանում, համոզված, որ իրենց հողը բոստանի համար անպետք է։ Այդպես մտածելով՝ նրանք մինչև այժմ բոստան չեն արել և սոխը գործադրել են որպես... դեղ, վերքի վրա գնելու

  1. 4