Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեր են կենում և դաշտ գնում։ Այդպիսիները դաշտումն են հաց ուտում, երբ և ինչքան կամենան:

Քիչ հետո հավաքվում են և երեխաները։ Սեղանատան կողքին կաթնատունն է. բերում են տաք կաթ ու պանիր, տալիս երեխաներին։ Ճաշին և ընթրիքին դարձյալ զանգահարում են, ամեն անգամ առաջուց հայտնի թվով։ Այնպես որ դաշտում աշխատող կոմունարը, զանգի ձայները համարելով՝ իմանում է, որ ճաշ է կամ թե կանչում են, փորձանք է պատահել, պիտի շտապել օգնության և այլն։ Զանգը կոմունայում աշխատանքները պլանով տանելու համար շատ է կարևոր։

Մենք արդեն ասացինք, որ կոմունայում կան միջնակարգ կրթության տեր մարդիկ։ Կոմունարների մեջ միայն 2 հոգի են անգրագետ, նրանք էլ հասակն առած մարդիկ են։ Կոմունայի առաջին ժողովի որոշմամբ՝ կոմունարն անգրագետ չպիտի լինի։ Եթե մեկնումեկը ուզում է կոմունայի անդամ գրվել, բայց նա անգրագետ է, նախնական վեց ամսվա ընթացքում նա կոմունայում գրաճանաչ է դառնում։ Այդպիսիների համար սովորելը դաշտում կամ գոմում աշխատելու չափ կարևոր է համարվում։

Կոմունարների մեծ մասը երիտասարդ մարդիկ են։ Եթե երեխաներին չհաշվենք, ճնշող մեծամասնությունը 40-ից անց չի։ 45 տարեկանից բարձր միայն չորս կոմունար են, որոնք երիտասարդների հետ հավասար եռանդով են աշխատում և ծերության մեջ անտրտունջ տանում են այն աննպաստ պայմանները, որոնց մեջ դեռ ապրում են կոմունարները։ Կոմունան դեռ անհրաժեշտ քանակությամբ սենյակներ չունի, շատերը գետնին են պառկում, խրճիթները խարխուլ են, անձրև օրերին կտուրը ծլլակաթ է տալիս։ Մի խոսքով՝ չունեն այն հարմարությունները, որոնցից զուրկ չէին, երբ ապրում էին իրենց ծննդավայր Խոտորջրում, ուկրաինական քաղաքներում ու Դոնեցի գետահովտի ածխահանքերին կից բանվորական տներում։

Կոմունարների մեծ մասը բանվորներ ու արհեստավորներ են։ Արհեստավորներից շատերն աշխատում են կոմունայում։ Կա կոշիկի արհեստանոց, դերձակ, դարբնոց, հացի փուռ։ Միայն այդ արհեստանոցների համար է պահպանվում 8-ժամյա բանվորական օրը։ Ձմեռվա ամիսներում, երբ դաշտային աշխատանքներից կոմունարներն ազատ են լինում, հավաքվում են արհեստանոցներում աշխատելու։ Արհեստանոցների տված օգուտը պակաս տեղ չի գրավում կոմունայի ընդհանուր եկամտի