Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ։ Բոլոր անհրաժեշտ գործիքները նորոգելուց հետո արհեստանոցներն սկսում են աշխատել դրսի պատվերները պատրաստելու: Իրենց համար կոշիկներ կարելուց հետո կոմունան ձմեռը պատրաստում է կոշիկներ ու չուստեր, որոնց աժան գինն ու լավ որակը նպաստավոր շուկա են ստեղծում՝ նույնիսկ քաղաքում։ Բացի վերը հիշած արհեստավորներից, կոմունան ունի իր հյուսնը, սափրիչը, պայտառը և այլն, որոնք բոլորն իրենց հետ բերել են անհրաժեշտ գործիքներն ու պարագաները: Արհեստավորների աշխատածը կոմունայի սեփականությունն է։ Նույնիսկ, եթե կոմունարն իր բարեկամից կամ ընկերից նվեր ստանա, ոչ անձնական գործածության համար, ապա այդ նվերը ևս պիտի դառնա կոմունայի սեփականություն։

Հնարավո՞ր է և թույլատրելի՞ է կոմունայում վարձու աշխատանքի դիմելը։ Այո՛, կոմունան երբեմն, երբ իր ուժերը չեն ներում աշխատանքը ժամանակին ու շտապ վերջացնելու, վարձում է և դրսի մարդկանց։ Օրինակ՝ խոտը չորանում է, հարկավոր է հարել կամ թե հարածները կիտել, քանի անձրևներ չեն եկել։ Եթե ուրիշ և ոչ մի աշխատանք չանեն, թափվին խոտի վրա, դարձյալ չեն կարող ավարտել։ Ահա այդ դեպքում են վարձում բանվոր ձեռքեր։

Բոլորն էլ ուրախությամբ են գնում կոմունայում աշխատելու։ Այնտեղ վճարը բարձր է, սնունդը՝ լավ և, որ գլխավորն է, վերաբերմունքը՝ միանգամայն ընկերական։ Կոմունայում մի քանի օր բանելով՝ նա լսում ու տեսնում է շատ բան և համոզվում, որ իսկապես կոմունան չքավորի բարեկամն է։

Մի բնորոշ դեպք։ Կոմունայի որոշումներից մեկն էլ այն է, որ մթերքները շուկա պիտի հանել անարատ դրությամբ, ուզում է լինի կաթ, յուղ, թե պանիր։ Թուրք բանվորներից մեկը, որ մինչ այդ աշխատել էր հարևան գյուղում մի հարուստի տան և տեսել էր, թե ինչպես տերը քաղաք ուղարկելիք կաթին ջուր է խառնում, եկել էր այն համոզման, որ քաղաքացու խմած կաթն անպատճառ ջրախառն պիտի լինի։ Ինչքա՜ն էր նրա զարմանքը, երբ տեսավ, որ կոմունան անքաշ և մաքուր կաթ է ուղարկում քաղաք։

***

Տնտեսու յան աստիճանաբար բարձրանալը կոմունայի Խորհրդին հնարավորություն է տալիս կոմունարների համար ավելի բարեկեցիկ վիճակ