Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստեղծել: Եթե առաջին տարին մի կոմունարի օրական ծախքը հասնում էր 16 կոպեկի, 26 թվին հասնում է 26 կոպ., իսկ 27 թվին՝ 33 կոպ.։ Տնտեսության վերելքը հնարավորություն է տալիս ո՛չ միայն ավելի լավ ապրելու, այլև համեմատաբար քիչ աշխատելու։ Անցան արդեն այն ժամանակները, երբ կոմունարները լուսնի լուսով էլ էին բանում արտում, վարն ու ցանքը վերջացնում և երեկոյան շտապում ճանապարհը կառուցելու, որպեսզի մինչև ձյունի գալը կարելի լինի սայլի ճանապարհ շինել և կապվել շրջանի կենտրոնի հետ։ Այժմ նույնիսկ օրերով ազատ են լինում աշխատանքից, և որսորդ կոմունարը կարողանում է մոտակա անտառներում որս անել ու որսածը բերել կոմունա։

Հեղափոխական բոլոր տոները մեծ շուքով են տոնում կոմունայում։ Մասնակցում են ո՛չ միայն կոմունարները, այլև ձորի գյուղերը, որոնք դհոլ-զուռնայով, կարմիր դրոշակներով հավաքվում են, միանում կոմունարներին և շարք-շարք իջնում կոմունայից ներքև ընկած տափարակը, որ կոչվում է Հոկտեմբերյան դաշտ։ Կոմունայից վերև, պուրակի միջով հանդ տանող ծառուղին կոչվում է Շահումյանի անունով: Գյուղից ներքև ընկած հանքային աղբյուրը, որ առաջներում ճահճուտ էր և գորտերի բնակավայր, գեղեցկացրել են, ափերն աստղաձև սարքել և դարձրել կոկիկ մի անկյուն:

Իրենց հանդի զանազան վայրերում կոմունան նման աշխատանքներ շատ է կատարել։ Եվ այն բոլոր ուսումնասիրությունները, որ կատարել են գյուղբանկի, բանվորա-գյուղացիական տեսչության և այլ հիմնարկների ներկայացուցիչները, այն բոլոր թղթակցություններն ու տպավորությունները, որ հայ և ռուս պարբերական մամուլում տպվել են կոմունայի մասին, միաբերան վկայում և հաստատում են նրանց դժվարին և հսկա աշխատանք կատարած լինելը[1]: Հերիք է միայն մի քանի ժամ, թեկուզ թեթև կերպով, ծանոթանալ կատարված աշխատանքի հետ, համեմատել այն հին գյուղի ավերակների հետ, ավերակների միջից ցցվող նոր հսկա գոմի ու տների կոկիկ և ընդարձակ շինությունների հետ, հերիք է այդպիսի մի համեմատություն, համոզվելու, որ կոմունարները եռանդ ունեն և երկաթե կամք։

Քիչ և հեշտ բան չէ մի քանի տարվա կոլեկտիվ աշխատանքի մեջ մեռցնել անհատական տնտեսությունը տարիներ շարունակ վարած գյուղացու մանր ընչասիրությունը, նրա թափթփված, անդիսցիպլինար լինելը, դանդաղաշարժ և անտնտես աշխատանք անելը և դարձնել նրան

  1. 5