Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգ էին տանում հարյուր մատղաշ տունկեր տանելու և անտառ տնկելու։

Չի կարելի ասել, թե կոմունայում ապրելը խաղ ու պար է, ջուր խմելու չափ հեշտ։ Իհարկե, ապագայում կհեշտանա, բայց հենց այդ ապագային հասնելու համար, մեծ աշխատանք է հարկավոր։ Եվ կոմունարները թափում են այդ աշխատանքը։

Նրանց մեջ մարդիկ կան, որոնք մանուկ օրերից սկսած գրքից ու լրագրից չեն բաժանվել, կարդացել են ու սովորել, բայց այժմ մի տեղ էլ չունեն սնդուկների մեջ դարսած գրքերը հանելու և պարապելու։ Գերություն ու գաղթ, աքսոր ու պատերազմ տեսած մարդիկ կան, որոնք սիրիական ու արաբական տափարակներն են կտրել, ծովեր անցել, շեն ու բազմամարդ քաղաքներ տեսել, ապրել շատ ու շատ ազգերի մեջ և վերջում գիտակցաբար վերադարձել՝ խորհրդային երկրում կոմունայով ապրելու։

Մազերը սպիտակած մարդիկ կան կոմունայում, որոնց գլխով մազի համրանքի չափ փորձանք ու զրկանք է անցել, և որոնք դեռ կայտառություն ունին և ժպիտ, բազուկներում ուժ՝ կոմունայում պատ շարելու, խոտ հարելու, հող փորելու։ Ձմռան երկար գիշերներին նստոտում են և նրանց պատմությունները լսում։

Իրենց շրջապատից բացի, Խոտորջուրի կոմունան քաղաքներում ապրող հայրենակիցների մեջ ևս ունի բարեկամ ու թշնամի։ Հացի փուռերում, արհեստանոցներում ու ածխահանքերում աշխատողները ջերմ ու ընկերական նամակներ են գրում, խրախուսում, երբեմն էլ աջակցում։ Նրանցից շատ֊շատերր ցանկություն ունեն կոմունայում ապրելու։

Այլ կարծիքի են «ջոջերը»։ Կոմունան ցնորք է, մի խումբ սոված և աշխատանքից փախչող երիտասարդների գործ, որոնք կոմունայի պատրվակի տակ ուզում են թալանել միամիտներին։ Եվ հեռու քաղաքներում, հացի փռներում աշխատող խոտորջուրցի բանվորը վեճի է բռնվում իր «հայրենակից» գործատերի հետ և հպարտ հայտարարում, որ կոմունայում ապրողներն էլ իրեն նման չարքաշ և աշխատող մարդիկ են։

***

Կոմունայի հետաքրքրական կողմերից մեկն էլ կնոջ մասնակցությունն է ընդհանուրի աշխատանքին, ընտանիքի հարցը, կնոջ ավելի ազատ լինելն ու նրա կապը ամուսնու, երեխայի ու կոմունայի հետ։