Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Եթե մենք ցրվելու էլ լինենք, էլ երբե՛ք տուն ու խոհանոց մեր շլինքից չպիտի կախենք...

Կանայք հերթով աշխատում են խոհանոցում, կով են կթում, տնային գործեր են անում, աշխատում են բոստանում և արտերում։ Քիչ չէ պատահում, երբ կոմունայի Խորհուրդը մի ամբողջ ճյուղի ղեկավարությունը հանձնում է կնոջ։

Երեխաներին հսկում և կերակրում է այդ գործի համար նշանակված մի կոմունարուհի։ Իհարկե, ծծկեր երեխաները մայրերի մոտ են մնում: Առայժմ երեխաները ծնողների հետ են լինում, թեկուզ ճաշն առանձին է: Դեռ առաջի օրվանից Խորհուրդը որոշել է երեխաներին առանձին սնել և շատ ավելի լավ, քան մեծերին։ Այն ժամանակ, երբ մեծերը օրեր շարունակ խաշած կարտոֆիլ էին ուտում, փոքրերի համար ճարում էին յուղ ու պանիր։

Կոմունան ծրագրել է հետագային մի տուն շինել և հարմարություն ստեղծել, որ երեխաները միշտ միասին լինեն և ունենան իրենց հատուկ ննջարանը։ Միայն այս ձևով կարելի է ավելի լավ խնամել ու դաստիարակել նրանց և փոքր հասակից վարժեցնել այն մտքին, որ նրանք կոմունայինն են։ Եթե որևէ երեխայի հարցնես, թե՝

— Ո՞ւմ տղան ես կամ ո՞ւմ աղջիկն ես:

— Կոմունայի,— կպատասխանի նա։

Եթե այժմ երեխան ասում է այդպես, որովհետև նրան այդ են սովորեցրել, հատուկ խնամք, առանձին ննջարան, մանկական հրապարակ ու պարտեզ կազմակերպելով և ամենօրյա դաստիարակությամբ կարելի է հասնել այն վիճակին, երբ չափահաս դառնալուց նրանք միանգամայն գիտակցաբար կրկնեն մանուկ օրերի բառերը և դարձնեն միս ու արյուն:

Այդպես է որոշել կոմունայի Խորհուրդը։

Չի եղել որևէ մի դեպք, որ մայրն առարկի ընդհանուր դաստիարակության դեմ։ Բոլոր մեծահասակ կոմունարները շատ ջերմ ու սրտակից վերաբերմունք ունեն դեպի մանուկները։ Կոմունայի երեխան հավասար սիրով վազում և փաթաթվում է հորը կամ մի ուրիշ կոմունարի։ Երեխաներին կերակրելու, զբաղեցնելու հոգսը դարձյալ ծանրանում է կանանց վրա, միայն այն տարբերությամբ, որ ամեն մի երեխայի՝ իր մոր փեշից կախ ընկնելու փոխարեն, մի կին է լինում նրանց հետ։ Իսկ մյուսներն այլ գործ են անում և հերթով, փոխնեփոխ աշխատում։

Ասացինք, որ դրսից կանայք դժվար են համաձայնվում կոմունա