Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալ, ամուսնանալ կոմունարների հետ։ Դեպքեր են պատահել, որ կոմունարի ամուսնությունը լուծվել է, երբ տղան կտրականապես մերժել է աղջկա պահանջը՝ ամուսնանալուց հետո կոմունա չվերադառնալ։

Մի կոմունար, որ ամենից ջանասերներիցն էր, մի օր Խորհուրդի առաջ պահանջ է դնում կոմունայից հեռանալու։ Փորձում են համոզել, բան չի դուրս գալիս։ Ընդունում են հրաժարականը, ճամփու դնում։ Եվ երկու շաբաթ չանցած՝ հանկարծ վերադառնում է, հայտնում, որ ինքը դիտմամբ է սարքել այդ ամենը, աղջկանը ցույց տալու, որ ինքը կոմունայում չի։

— Արդեն նշանվել պրծել ենք... Մի քանի օր հետը կապրեմ, հետո կասեմ, թե մեր տունը, մեր տեղը Հայաստանի Ներքին Ախտայի մեջն է... Ի՞նչ պիտի անի։ Մի քիչ լաց կլինի, հետո կգա... Վերջում էլ կվարժվի։

Կոմունարուհիների մեջ կան միջնակարգ կրթություն ստացած կանայք։ Սակայն նրանք առավոտը կանուխ վեր են կենում, կովերը կթում (նրանցից ամեն մեկը կթում է մինչև 15 կով), օրվա կիթը նշանակում տետրակում, կաթն ուղարկում կաթնատուն։ Մյուսներն այլ գործ են անում։ Մինչև անգամ կար ու կարկատանը ևս կենտրոնացած է։ Կարկատանը հավաքվելուց՝ մի օր, Խորհրդի որոշմամբ, այս կամ այն կոմունարուհին նստում, կարկատան է անում կամ ւվացք։

Կանանց աշխատանքը, ազատ նիստուկացը, խոսքն ու ծիծաղը տեսնելուց ու լսելուց հետո, երբ մտաբերում ես «նամուսի» մասին եղած առասպելը, մանավանդ երկու ապարանցիների այն պատմությունը, որ անում են կոմունայում, ծիծաղելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում։

Կոմունային մոտիկ Ապարանի գյուղերից մեկում երկու հոգի լսում են կոմունայի ու նրանց նիստուկացի մասին, որոշում են գնալ ու տեսնել, թե ի՞նչ մարդիկ են, ո՞րտեղից են եկել, ի՞նչպես են նստում֊վեր կենում, մի խոսքով՝ ինչքան են նման իրենց։ Բայց ամենից շատ նրանց հետաքրքրում է «նամուսի» առասպելը։

Ու մի ձյուն֊ձմեռ օր վեր են կենում, ճանապարհ ընկնում։

— Էսպես նստած զրույց էինք անում,— պատմում է մի կոմունար, մեկ էլ դռան ճռռոցի ձայն եկավ։ Դուռը որ բաց արինք, ձյունի մեջ թաթախված մի մարդ, չորեքթաթ տալով ներս ընկավ և աչք֊ունքով, մի կերպ հասկացրեց, որ ընկեր էլ ունի, մնացել է ձյունի տակ։ Դուրս եկանք... Ինչեր քաշեցինք, մինչև նրա հետքերը գտանք... Սառել էր, մի քարի տակ կուչ եկել: