Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն այդ բարեկամությունը կոմունայի հակառակորդներին ավելի է կատաղեցնում։ Մինչ այդ, ձորի գյուղերում եղած նախկին «պիսերներն» ու գյուղական «օրենսգետները» մի դիմում գրելու համար ստանում էին հավ, ձու, դրամ։ Դեպքեր են եղել, երբ մի դիմումը գրել են քսան ռուբլիով։ Իհարկե, այժմ բոլոր «պիսերները» կոմունայի կատաղի թշնամիներն են, որովհետև հիմա հեռու գյուղից էլ են գնում կոմունա՝ իրավաբանական օգնություն ստանալու։

Կանայք էլ են գալիս, մանավանդ թուրք կանայք։ Հեռու ընկած և հետամնաց Միսխանեի ձորում թուրք կինն ավելի է ճնշված, անպաշտպան ու անօգնական։ Ամուսինը ծեծում է, բռնանում, օր չի տալիս, և թուրք կինը ծածուկ գնում է կոմունա, լաց լինելով պատմում իր ցավը, տեսնում, թե ինչքան ազատ են ապրում կոմունայի կանայք, և հարցնում մի ելք՝ իր վիճակը թեթևացնելու։

Բացի իրավաբանական օգնությունից, կոմունան ուրիշ էլ շատ օգնություն է ցույց տալիս։ Չքավոր տնտեսություններին իր ունեցած գութաններից տալիս է, որ տանեն վար անեն, բանջարանոցային սերմեր է տալիս, ցեղական հավերի ձուեր, զանազան տունկեր և այլն։ Եթե սրա վրա ավելացնենք և այն, որ առաջին անգամ կոմունա եկող գյուղացին շատ նորություններ է տեսնում, տնտեսության ավելի լավ ձևեր, հասկանալի կլինի, թե ինչքան մեծ նշանակություն ունի կոմունան Միսխանեի ձորի գյուղերի համար։

Ոչ մի փորձադաշտ և կամ ցուցադրական հողամաս չի կարող գյուղացիներին համոզել դաշտավարության նոր ձևերի առավելությանն այնպես, ինչպես անում է կոմունան։ Մի կամ մի քանի անգամ կազմակերպված ցուցադրական կերակրումը կարող է գյուղացուն համոզել առատ կերի ու լավ խնամքի անհրաժեշտության, սակայն կոմունայի կատարած աշխատանքն հենց այդ ուղղությամբ շատ ու շատ բարձր է ցուցադրական կերակրումից և նրա շուրջ կազմակերպած ագրոզրույցից:

Գյուղացին իր աչքով տեսնում է և համոզվում, որ իր տանն եղած կովը, որ տալիս էր 12 ֆունտ կաթ, կոմունայում տալիս է 20 և ավելի ֆունտ։ Նա տեսնում է, որ սխալ է պապենական այն խոսքը, թե Միսխանեի ձորում չի կարելի մեղու պահել։ Կոմունայի մեղվանոցի ոսկեծոր մեղրը և նրա առատ բերքը հակառակն են ապացուցում։ Տարին բոլոր նա կարոտ էր մնում վարունգի, արևածաղկի, զանազան կանաչեղենի